Ասադի բանակը լայնածավալ հարձակման է անցել

1503941476_50924966

«Սիրիական վարչակազմի ուժերը ռուսաստանյան օդուժի աջակցությամբ շարունակում են հարձակումն Իդլիբի վրա, միեւնույն ժամանակ, գրեթե երեք միլիոն խաղաղ բնակիչ «սեղմվել» է Թուրքիայի սահմանին»,- բրիտանական The Times հանդեսում գրում է թղթակից Ռիչարդ Սփենսերը:

«Ամենահաջողակ ասադյան հրամանատար Սուհել Ալ-Հասանի գլխավորած ուժերն արդեն գրավել են մի քանի առանցքային քաղաքներ եւ գյուղեր: Իդլիբը վարչակազմի դեմ հեղափոխության ամրոցներից էր, իսկ հիմա նահանգը վերահսկում է զինյալների տարատեսակ խմբերի խռովարար կոալիցիան, որը ղեկավարում է «Հայաթ Թահրիր աշ- Շամը»՝ «Ալ-Քաիդայի» նախկին մասնաճյուղը՝ հայտնի որպես «Ան-Նուսրայի ճակատ»: Քիչ հավանական է, որ ինչ-որ արտաքին ուժեր կգան նրանց օգնության»,- նշվում է հոդվածում:

«Փակ սահմանի կողմը փախչում են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, հայտնում է Սպենսերը: Ջարջանազ քաղաքի բնակիչները լրագրողին ասել են. «Մարդիկ թաքնվում են ձիթապտղի ծառերի տակ: Կրակոցներն ավելի ահավոր են դարձել: Մեզ նույնիսկ հինգ րոպե հանգիստ չէին տալիս, որպեսզի շունչ քաշեինք ու փախչեինք: Քաղաքը հիմա ամբողջովին դատարկ է, գլխավոր փողոցը, շուկան, խանութները, դպրոցները: Տների 90 տոկոսն ավերվեց»:

«Ասադի բանակը գրավել է Սինջար քաղաքը, եւ հիմա նրանք տասը մղոն հեռավորության վրա են գտնվում զինյալների Աբու-Դուհուր ռազմաբազայից»,- տեղեկացնում է թղթակիցը:

«Ենթադրվում է, որ Իդլիբը լինելու է դեէսկալացիայի չորս գոտիներից մեկը: Միեւնույն ժամանակ Դամասկոսի մոտ ընթանում է կատաղի պայքար, վարչակազմը մտադիր է իրականացնել վերջնական հարձակում եւ ետ գրավել ամբողջ երկիրը: Հնարավոր է, վերջին հերթին գործը կհասնի Դերա քաղաքի շուրջ  գտնվող գոտուն, որը գտնվում է Հորդանանի եւ Իսրայելի սահմանին»:

«Իդլիբում վարչակազմին օգնում է այն փաստը, որ մշտապես պառակտված զինյալների խմբերը պատրաստ են հարձակվել իրար վրա: Որոշ խմբավորումներ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ին մեղադրում են նրանում, որ դրդում է պարտության՝ զինյալներին ետ կանչելով մարտի դաշտից եւ հրաժարվելով համագործակցել նրանց հետ, ովքեր ջիհադիստներ չեն:   Թուրքիան հասկացրել է, որ աջակցելու է միայն «Հայաթ Թահրիր աշ-Շամի» հետ կապ չունեցող խմբավորումերին, եւ հիմա Իդլիբում նրա խաղաղարար ջանքերը գլխավորապես կայանում են սահմանների պաշտպանության եւ քուրդ ապստամբներին հետեւելու մեջ»,- հայտնում է Սփենսերը:

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝