ՌԴ նախագահի այս թեկնածուն հնարավորություն չունի պայքարելու Պուտինի դեմ. սակայն երազել չես արգելի

241139563

«Ռուսաստանում նախագահի թեկնածու կա, ով հայտնի է YouTube-ում, որտեղ նա տարածում է Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը: Նրա ենթակայության տակ են երկրի ամբողջ քաղաքական ապարատը եւ միլիոնավոր ընտրողներ, ովքեր հոգնել են Կրեմլի ներկայիս ղեկավարից եւ նրա օլիգարխ ընկերներից: Թեեւ Պուտինը, ճնշող մեծամասնության կարծիքով, մարտի 18-ին կհաղթի, այդ թեկնածուն, ինչպես ոչ մեկը, երկրորդ տեղը լինելու հնարավորություն ունի: Ոչ, նրա անունն Ալեքսեյ Նավալնի չէ»,- The Washington Post-ում գրում է Դեւիդ Ֆիլիպովը:

Նավալնիի նման, Պավել Գրուդինին՝ թեկնածու Կոմունիստական կուսակցությունից, «կոչ է անում ռուսաստանցիներին, ովքեր հոգնել են Պուտինի 18 տարվա իշխանությունից»,- ասվում է հոդվածում: «Մեծ թվով դիտումներ ունեցող «Գրուդինին բացահայտել է ճշմարտությունը: Պետդումայում մեռյալ լռություն է» վերնագրով տեսագրությունում Գրուդինին բացահայտ կերպով ծաղրում է այն մարդկանց, որոնց վրա հույս է դրել Պուտինը, եւ «ովքեր, ինչպես բոլորը գիտեն, վաղուց պետք է լինեն բանտերում», եւ խոստանում է վերադարձնել ռուսական էլիտայի օֆշորային հաշիվների միլիարդները: «Ինչպես Նավալնին անցյալում, Գրուդինին դիմում է ռուս ազգայնականներին. երկուսն էլ դեմ են արտահայտվել միջինասիական երկրներից ժամանած փախստականներին», ինչպես նաեւ «երկուսն էլ նշում են, որ ռուսներն այդքան լավ չեն ապրում, ինչպես Արեւմուտքի բնակիչները»,- փոխանցում է թղթակիցը:

«Գրուդինին դիմում է այն ռուսներին, ովքեր ափսոսում են 1991թ.-ի Խորհրդային Միության կործանման համար, իսկ նման մարդիկ, ըստ վերջերս կատարած հարցման տվյալների, 58 տոկոս են կազմում: Գրուդինին կարող է նրանց ցույց տալ այն, ինչը չեն կարող անել ոչ Նավալնին եւ ոչ էլ Պուտինը. Լենինի անվան պետական ֆերմա, նախկին խորհրդային կոլեկտիվ տնտեսություն՝ կոլխոզ, որը Գրուդինին, ինչպես ինքն էր վերջերս արտահայտվել, «մերձմոսկովյան կապիտալիզմի ջունգլիներում վերափոխեց սոցիալիզմի օազիսի»,- գրում է Ֆիլիպովը:

«Ձեզ մի մեղադրեք, եթե առաջին անգամ եք կարդում Գրուդինիի մասին,- շարունակում է հեղինակը: -Ռուսաստանի սահմաններից դուրս նախագահական քարոզչությունը կենտրոնացված էր Նավալնիի վրա, եւ լրատվամիջոցները փորձում էին Նավալնիին բնութագրել այնպիսի մոլորեցնող մակդիրներով, ինչպիսիք են Պուտինի «հզոր մրցակիցը» եւ Ռուսաստանում «ընդդիմության առաջնորդը»:

«Նավալնին չի ղեկավարում ինչ-որ միացյալ ընդդիմություն, միայն սեփական քարոզչությունը, ի դեպ, հիանալի կերպով կազմակերպված եւ շատ դժվարին պայմաններում,- խոստովանում է Ֆիլիպովը: -Հարցումները ցույց են տալիս, որ ամբողջ երկրում հակակոռուպցիոն ցույցեր կազմակերպելու իր կարողությունը չի վերափոխվել քաղաքական ժողովրդականության»:

Լրագրողն ավելացնում է, որ Գրուդինին ներկա է Նավալնիի համար փակ պետական հեռուստաընկերություններում, որտեղից ռուսաստանցիների մեծ մասը լուրեր են իմանում: «Նա առայժմ չկա հարցումներում, որոնք կանխատեսում են գործող նախագահի հաղթանակը, սակայն, ըստ նրա գաղափարների տարածման չափի, հնարավոր է, որ ավելանա նաեւ նրան ընդունողների թիվը»,- նշվում է հոդվածում:

Աղբյուր՝ inopressa.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝