Որտե՞ղ են հիմա թաքնվում օտարերկրացի ջիհադիստները

DeZ1-17-11

«Ու՞ր են կորել օտարերկրացի զինյալները, ովքեր Մերձավոր Արեւելքում մարտնչում էին «Իսլամական պետության» շարքերում: Որպեսզի թաքնվեն արդարադատությունից, այդ ջիհադիստները թաքնվում են Սիրիայի եւ Իրաքի անապատներում, ինչպես նաեւ Թուրքիայում»,-գրում է The Times-ի թղթակից Էնթոնի Լոյդը:

«ԻՊ-ի հազարավոր զինյալներ, ովքեր եկել են արեւմտյան երկրներից, սիրիա-իրանական սահմանի մոտ վերջին մարտերի ժամանակ դուրս են եկել շրջապատումից եւ թաքնվել հեռավոր անապատային շրջաններում կամ էլ փախել են Թուրքիա»,- հայտնում է լրագրողը:

«Բազմաթիվ օտարերկրացի զինյալներ զոհվել են մարտի դաշտում, իսկ գրեթե 6 հազար զինյալ վերադարձել են իրենց երկրներ: Եվ նույնիսկ ամենահամեստ գնահատականներով ստացվում է, որ հազարավոր օտարերկրացի զինյալներ դեռ ողջ են եւ ինչ-որ տեղ թաքնվում են: Ջիհադիստները սփռված են, օրինակ, Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող գյուղերում, Եփրատ գետի մոտ գտնվող փոքր անկլավում եւ իրաքյան սահմանին մոտ գտնվող անապատներում»:

«Սիրիական ժողովրդական ուժերի հրամանատար Աբու Իբրահիմն ասել է, որ օրերս նրա ստորաբաժանումը գերի է վերցրել Չինաստանի, Մարոկկոյի, Սաուդյան Արաբիայի քաղաքացիների եւ նույնիսկ դաղստանցիների, ղազախների եւ բրիտանական քաղաքացիություն ունեցող մի կնոջ»:  

«2015թ.-ին Պենտագոնը հաշվել է, որ Սիրիա եւ Իրաք ջիհադիստների դրոշի ներքո մարտնչելու են մեկնել 40 հազար օտարերկրացիներ 110 երկրներից: Ավելի ուշ եզրակացություն է արվել, որ դա չափազանցրած գնահատական է,  եւ իրականում օտարերկրացի զինյալները մոտավորապես 25 հազար են»:

«Թեեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնատար անձինք անընդհատ պնդում են, որ գերադասելի կլիներ, եթե ԻՊ-ի կամավոր զինյալներին ոչնչացնեին մարտերի ժամանակ, իրականում Իրաքում եւ Սիրիայում տեղի ուժերի միջեւ պայմանավորվածությունների համաձայն թույլատրվել է շրջապատված ջիհադիստական ստորաբաժանումների զինյալներին փախչել ուրիշ վայրեր: Ամենահայտնի դեպքն այս տարվա հոկտեմբերին Ռաքքայի համաձայնագիրն է. այդ ժամանակ ԻՊ-ի մի քանի հարյուր զինյալներ եւ նրանց ընտանիքի հազարավոր անդամներ նստեցին մեքենաները, եւ ավտոշարասյունը հեռացավ քաղաքի արեւելյան մասում գտնվող անապատ, որտեղ հիմա նրանք շարունակում են պատերազմել: Բանակցությունների արդյունքում նմանատիպ գործողություններ անցկացվել են նաեւ Սիրիայի եւ Իրաքի տարբեր վայրերում»:

«Մենք նկատել ենք, թե ինչպես նմանատիպ պայմանավորվածություններ եղել են Թալ-Աֆարում եւ Հավիջում,- ասել է իրաքցի պաշտոնյան: -Երկու դեպքերում էլ ԻՊ-ի զինյալների ավտոշարասյուններին թույլատրել են հեռանալ: Ի՞նչ տեղի ունեցավ նրանց հետ դրանից հետո, եւ որտե՞ղ են նրանք հիմա: Ըստ երեւույթին, դա ոչ ոք չգիտի»:

«Արեւմտյան հատուկ ծառայությունների ստորաբաժանումները, ովքեր Սիրիայում հետապնդում են ջիհադիստներին, ծաղրում են բրիտանացի զինյալներին պատերազմել չկարողանալու համար: Տեղի հրամանատարները, ովքեր մասնակցել են ԻՊ-ի դեմ պայքարին այդ վայրերում, ասում են, որ իրենց ամենաուժեղ հակառակորդները չեչեն, ռուս, հոլանդացի եւ ֆրանսիացի զինյալներն են»,- գրում է թերթը:

«ԻՊ-ի շարքերում գտնվող բրիտանացիները, ըստ երեւույթին, ամենայն հավանականությամբ, քարոզչության համար են հավաքագրվել կամ էլ զբաղվել են այլ աշխատանքով,- ասում է սիրիացի քրդերի հետախուզական ծառայության սպա Սիրվան Քսհալիլը:

«ԻՊ-ը թույլ է տալիս իր զինյալներին լքել Սիրիան եւ Իրաքը, որպեսզի պահպանեն ռեսուրսները, էներգիան, կենսական ուժը»:

Թերթը մեջբերում է նաեւ տեղի հետախուզական ծառայության աշխատակցի պատմությունը:

«Որոշ դեպքերում մենք կոալիցիային հայտնել ենք, որ ԻՊ-ի ավտոշարասյունը շարժվում է, եւ կոչ ենք արել պայթեցնել,- ասել է աշխատակիցը: -Սակայն մեզ պատասխանել են. «Միայն ոչ դա, այնտեղ կա մերոնցից մեկը»: Խնդիրը նրանում է, որ կոալիցիայի յուրաքանչյուր երկիր ԻՊ-ում իր լրտեսներն է ունեցել, իսկ կոալիցիայի մեջ շատ երկրներ են մտել: Արդյունքում ԻՊ-ի բազմաթիվ ավտոշարասյուներ չեն պայթեցրել, այլ թողել են հեռանալ ապագայում հետախուզական տեղեկություններ ստանալու համար»:

«Բրիտանացիների մասին տեղեկությունները ներառված են «ԻՊ-ի 300 բրիտանացի զինյալները Թուրքիայում փախուստի մեջ են» վերնագրով առանձին հոդվածում: Այդ պատճառով արեւմտյան հետախուզական ծառայությունները մտավախություն ունեն, որ Եվրոպայում ահաբեկչությունների վտանգը կավելանա: Այս տարի, երբ ազատագրվեցին Ռաքքա եւ Մոսուլ քաղաքները, որոնք գտնվում էին ԻՊ-ի վերահսկողության տակ, հազարավոր ջիհադիստներ, այդ թվում նաեւ առնվազն 300 բրիտանացիներ, փախել են Թուրքիա»,- գրում է հեղինակը:

«Մեր բանտերում կան բազմաթիվ ֆրանսիացիներ, տասնյակ այլ երկրների քաղաքացիներ, սակայն մենք ենթադրում ենք, որ բրիտանացիների մեծ մասը փախել են»,- հայտնել է  Սիրվան Քսհալիլը: 

 

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝