ՌԴ սուզանավերը պտտվում են ստորջրյա մալուխների շուրջ. դա նյարդայնացնում է ՆԱՏՕ-ին

submarine

«Բարձրաստիճան զինվորականների խոսքերով՝ ռուսաստանյան սուզանավերը կտրուկ ակտիվացրել են իրենց գործունեությունը Հյուսիսային Ատլանտիկայում տեղեկություն փոխանցող ստորջրյա մալուխների շուրջ, եւ դա ռուսաստանյան ռազմածովային նավատորմի առավել ագրեսիվ հայեցակարգի տարրերից է, ինչը ՆԱՏՕ-ին դրդեց վերականգնել սառը պատերազմի ժամանակաշրջանի հրամանատարական կետը»,- հայտնում է The Washington Post-ի թղթակից Մայքլ Բյորնբոմը:  

«Դա Կրեմլին հնարավորություն կընձեռի վնասել կապի կարեւորագույն ուղիները կամ տեղեկություններ ձեռք բերել: Հիմա մենք ստորջրյա մալուխների մոտ նկատում ենք Ռուսաստանի այնպիսի ստորջրյա գործունեություն, ինչպիսին մենք երբեք չենք նկատել,- ասել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի փոխծովակալ Էնդրյու Լենոնը, ով ղեկավարում է ՆԱՏՕ-ի ստորջրյա ուժերը: -Ռուսաստանն ակնհայտորեն հետաքրքրված է ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ստորջրյա ենթակառուցվածքներով»:

«Որպես պատասխան ՆԱՏՕ-ն վերականգնում է սառը պատերազմից հետո փակված հրամանատարական կետը: ՆԱՏՕ-ի դաշնակիցները նույնպես շտապում են բարձրացնել հակահարձակման հնարավորությունները եւ մշակել նորագույն ինքնաթիռներ, որոնք կարող են հայտնաբերել սուզանավերը»:

Ծովակալ Լենոնն ասել է, որ Ռուսաստանն ունի ծովային հետախուզական նավեր, այդ թվում հրթիռային կրիչով վերակառուցված, որի վրա գտնվում են ավելի փոքր սուզանավեր:

«Դրանք կարող են իրականացնել օվկիանոսային հետազոտություններ, զբաղվել ջրի տակ գտնվող հետախուզական տվյալների հավաքագրումով,- ասել է նա: -Եվ այն, ինչ մենք նկատում ենք, նման գործունեության աճն է ստորջրյա մալուխների մոտ: Մենք գիտենք, որ այդ օժանդակ սուզանավերը նախագծված են օվկիանոսի հատակում աշխատելու համար եւ տեղափոխվում են մայր-նավերով, եւ մենք ենթադրում ենք, որ հնարավոր է, որ հագեցած են օվկիանոսում մանեւրելու սարքավորումներով»:

«ՌԴ հրամանատարությունը խոստովանել է, որ Կրեմլն ակտիվացրել է իր ստորջրյա գործունեությունը, ինչն աննախադեպ է սառը պատերազմից հետո: Այդ գործունեությունը ստիպում է Արեւմուտքին վերագործարկել «սուզանավային որսի» արվեստը»,- գրում է հեղինակը:

«Վերջին ամիսներին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի օդանավերը թռիչքներ են իրականացրել այն տարածքներում, որտեղ, ինչպես հայտնի է, գործում են ռուսաստանյան սուզանավերը: Օրինակ, հինգշաբթի օդանավերից մեկը Սիցիլիայում գտնվող ռազմածովային ավիաբազայից Միջերկրական ծովի վրայով թռել է դեպի արեւելք: Մեկ օր առաջ այդ օդանավը նույն առաքելության թռիչք է կատարել: Անցնող ամսվա ընթացքում արձանագրվել են ամերիկյան օդանավերի առնվազն 10 առաքելություններ, որոնք հետեւում են սուզանավերին»:

«Ռուսաստանի հակառակորդներին անհրաժեշտ են հսկայական ռեսուրսներ: Թեեւ Ռուսաստանը նախկինի նման ՆԱՏՕ-ի համեմատ բավականին թույլ ռազմական ուժ ունի, Կրեմլին հաջողվում է Արեւմուտքի հետ առճակատման դեպքում գործել անհամաչափ ուժեղ Ղրիմը գրավելու, սիրիական ռեժիմին աջակցելու, ինչպես նաեւ ամերիկյան ընտրությունների վրա ազդելու իր փորձերի միջոցով»:

«Ամեն դեպքում որոշ վերլուծաբաններ նշում են, որ մալուխների հետ կապված սպառնալիքը հնարավոր է չափազանցված է: Ինչ էլ որ լինի, ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել երկու նոր հրամանատարական կետ. մեկը կենտրոնանալու է Ատլանտիկայի վրա, մյուսն ապահովելու է զինվորականների արագ տեղաշարժը Եվրոպայում»,-գրում է ամերիկյան պարբերականը:

 

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝