Իսպանացի վարչապետը հայտնվել է իր լարած ծուղակում

696x392_342752

«Մարիանո Ռախոյը հույս ուներ թուլացնել կատալոնացի անջատողականներին՝ կազմակերպելով արտահերթ ընտրություններ: Այժմ նա պարտված դուրս եկավ այդ գործընթացից»,-գրում է շվեյցարական Le Temps պարբերականի թղթակից Ֆրանսուա Մյուսսոն:

«Կատալոնիայի խորհրդարանական ընտրությունների գլխավոր տանուլ տվողը դարձավ ոչ թե ինչ-որ թեկնածու, այլ անձամբ իսպանական կառավարության ղեկավարը՝ Մարիանո Ռախոյը: Հոկտեմբերի վերջին, առաջին անգամ կիրառելով Սահմանադրության 155-րդ հոդվածը եւ տարածաշրջանում սահմանելով պետական կենտրոնացված կառավարում, պահպանողական առաջնորդը հույս ուներ մասնակիորեն լուծել կատալոնական գլուխկոտրուկը եւ թուլացնել անջատողական աժիոտաժն այն տարածաշրջանում, որը հանդիսանում է երկրի տնտեսության շարժիչ ուժը»:  

«Այժմ Ռախոյը եւ ըմբոստ Կատալոնիայի դեմ կոշտ դիրքորոշման մյուս կողմնակիցները շատ խիստ հիասթափված են: Ընտրությունների ժամանակ անջատողական ճամբարը ցույց տվեց իր անառիկությունը»,-նշում է լրագրողը:

«Բացի այդ, Մարիանո Ռախոյը եւս 2 քաղաքական անարգանքի արժանացավ: Առաջինը՝ դա նրա Ժողովրդական կուսակցության աննախադեպ պարտությունն էր, որը 7 տեղ կորցրեց խորհրդարանում: Այժմ այդ կուսակցությունն ընտրողների 4,2% ձայներով եւ 3 պատգամավորներով Կատալոնիայի հետնապահ քաղաքական ուժն է: Երկրորդ անարգանքը «Քաղաքացիներ» կուսակցության հաղթանակն էր՝ հավաքած 25% ձայներով: Դա երիտասարդ աջակողմյան շարժում է, որը Ռախոյի գլխավոր մրցակիցն է»:

«Կառավարության ղեկավարը բախվում է անդրդվելի հակառակորդի հետ: Անջատողական մարտահրավերը դառնում է առավել սպառնալից: Մինչ օրս Ռախոյը հետեւում է իր երկակի ռազմավարությանը: Դա «ջայլամային քաղաքականություն» է, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը: Նա անհաջողության մատնվեց, եւ այժմ պատնեշը կարելի է հաղթահարել միայն քաղաքական երկխոսության միջոցով»,-նշում է քաղաքագետ Խոսեպ Ռամոնեդան:   

«Հակվա՞ծ է արդյոք երկխոսության Մարիանո Ռախոյը: Եթե այո, ապա ու՞մ հետ: Նա բազմիցս  հայտարարել է, որ բանակցություններ չի վարի ոչ բանտում գտնվող Ուրիոլ Ժունկերասի, եւ ոչ էլ Բրյուսելում վտարանդիության մեջ գտնվող Կառլես Պուչդեմոնի հետ: Նրանք երկուսն էլ մեղադրվում են ընդվզման եւ խռովության կազմակերպման մեջ: Միեւնույն ժամանակ այդ երկու առաջնորդները պետք է առաջիկայում ղեկավարեն կատալոնյան գործադիր իշխանությունը»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Le Temps

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝