Ռուսաստանը, հավանաբար, միտումնավոր հարված կհասցնի Սիրիայում ամերիկյան զինուժին

1256888

«Առաջիկա շաբաթներին Ռուսաստանը կարող է ռմբակոծել Սիրիայում գտնվող ԱՄՆ-ի ցամաքային ուժերը: Դա իրական գնահատական է, այլ ոչ թե խուճապային հայտարարություն»,- նման եզրակացություն է անում The Washington Examiner-ի լրագրող Թոմ Ռոգանն այն հաղորդագրությունից, որ ամերիկյան երկու F-22 կործանիչներ որսացել են երկու ռուսաստանյան Սու-25, որոնք հայտնվել էին երկնքում Եփրատից դեպի արեւելք:

«Թեեւ միջադեպն այնքան էլ լուրջ չէ, որքան թվում է, ակնհայտ է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը կավելանա»,- գրում է Ռոգանը: Միեւնույն ժամանակ, ըստ հեղինակի, կա անհանգստության երեք պատճառ:

«Առաջինը կապված է ֆիզիկական ռիսկի հետ: Ռուսաստանը բազմիցս է սպառնացել հարձակվել Սիրիայում գտնվող ամերիկյան զինծառայողների վրա, իսկ ռուսաստանյան ինքնաթիռներն ավելի հաճախ էին ներխուժում Եփրատ գետից արեւելք գտնվող դեէսկալացիոն գոտիներ, որը գտնվում էր ԱՄՆ-ի վերահսկողության տակ: Նրանք չեն արձագանքում ռադիոկապի նախազգուշացումներին, իսկ դա հանգեցնում է այն մտքին, որ նրանց հրաման է տրված վիճարկել ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող օդային տարածությունը»,- նշում է Ռոգանը:

Երկրորդ պատճառն անհանգստության համար, լրագրողի խոսքերով, կայանում է Պուտինի մարտավարական հաշվարկի մեջ, ով ցանկանում է, որ ԱՄՆ-ն հեռանա Սիրիայից:

«Մերձավոր Արեւելքում Պուտինի գործողություններն ուղղված են նրան, որ ԱՄՆ-ին հեռացնի տարածաշրջանում «միապետների գործադիրի» դիրքերից եւ եկամտաբեր ֆեոդալա-մերկանտիլիստական հարաբերություններ ստեղծի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը»,- ավելացնում է Ռոգանը: Այստեղ ռիսկը կայանում է նրանում, որ «Պուտինը կարող է որոշել, որ Սիրիայում ամերիկյան զինծառայողների սպանությունը կնպաստի տարածաշրջանում իրեն որպես միջազգային առաջնորդ ընկալելուն, ում հետ կարելի է գործեր վարել եւ ում առջեւ կարելի է ծնկի իջնել»:

 «Պուտինի մարտավարական հաշվարկը վերաբերում է նաեւ Դոնալդ Թրամփին: Եթե Պուտինը հասկանա, որ կարող է ագրեսիվ գործողություններ ձեռնարկել ԱՄՆ-ի շահերի դեմ առանց Թրամփի կողմից լուրջ հակազդեցությունների, նա դա կանի: Եվ դժբախտաբար, նախագահ Թրամփը նախկինի նման պատրաստ է աչք փակել ԿԳԲ-ի գնդապետի ծրագրերի վրա»,- կարծում է Ռոգանը:

Հոդվածի հեղինակի խոսքերով՝ Թրամփին անհրաժեշտ է «ռուսաստանյան մարտահրավերներին հստակ նախազգուշացումներ ուղարկել» եւ հաղորդել, որ «ինքը ամերիկյան օդուժի անձնակազմին լիազորել է որպես թիրախ ունենալ եւ անհրաժեշտության դեպքում կրակ բացել ցանկացած ռուսաստանյան ինքնաթիռի ուղղությամբ, եթե դրանք սպառնում են Սիրիայում գտնվող ԱՄՆ-ի ուժերին»:

«Անկախ Ասադի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ շարունակվող քննարկումներից՝ Ռուսաստանին պետք է զսպել: Դրանից է կախված ամերիկացիների կյանքը»,- եզրափակում է Ռոգանը:

Աղբյուր՝ The Washington Examiner

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝