ՆԱՏՕ-ն բացատրություն է պահանջում Պուտինից

Снимок

«Ռուսաստանի կողմից փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերաբերյալ համաձայնագրի հնարավոր խախտումը լուրջ վեճերի պատճառ է դարձել: ՆԱՏՕ-ի անդամներն ընդհանուր հայտարարի են եկել, որ Կրեմլում պետք է հերքեն բոլոր մեղադրանքները արագ, ինքնուրույն եւ համոզիչ կերպով»,-գրում է գերմանական Der Spiegel հանդեսի թղթակից Մաթիաս Գեբաուերը:

«Դաշինքի անդամները մտահոգված են, որ այդ կարեւոր համաձայնագիրը վտանգի տակ է, եւ կոչ են անում Մոսկվային շտապ գործողություններ ձեռնարկել վստահությունը վերականգնելու համար»:

«Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ «հրթիռային վեճին» արեւմտյան դաշինքի միջամտությունը նշանակում է դիմակայության նոր էսկալացիա: ՆԱՏՕ-ն այդ պայմանագրի կողմ չի հանդիսանում, սակայն իր հայտարարությամբ վերածվում է հակամարտության «գործող անձի»: Այդ պայմանագրի գաղափարը կայանում էր նրանում, որ արգելվում էր ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին տեղակայել 500-5500 կմ հեռահարության հրթիռները՝ Եվրոպայում հնարավոր միջուկային աղետը կանխելու նպատակով»:

«ԱՄՆ-ն արդեն մի քանի տարի Ռուսաստանին մեղադրում է համաձայնագիրը խախտելու մեջ:  Ամերիկյան հատուկ ծառայությունների պնդմամբ, Մոսկվան իբր զինել է ռուսաստանյան բանակը միջին հեռահարության SSC-8 տիպի նոր հրթիռներով»:

«ԱՄՆ-ի կառավարությունը ՆԱՏՕ-ին վերջնագիր է ներկայացրել. կամ պետք է ընդհանուր գործողությունների ճակատ անցնել, կամ, ինչպես հայտարարել է ԱՄՆ պաշտպանության ղեկավար Ջեյմս Մետիսը, Վաշինգտոնը կգործի միայնակ»,-գրում է հեղինակը:

«Որպեսզի ստիպի Մոսկվային գալ համաձայնության, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում ընդդեմ Ռուսաստանի: Այսպես, ԱՄՆ առեւտրի նախարարությունն արդեն կազմել է ռուսաստանյան ընկերությունների ցուցակը, որոնք մասնակցել են SSC-8 տիպի հրթիռների մշակմանը»:

«Թե ինչ զարգացում կունենա հակամարտությունը, առայժմ հնարավոր չէ կանխատեսել: Սակայն ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինի ելույթը ոչ մի լավ բան չխոստացավ: Նա գովաբանեց փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերաբերյալ համաձայնագիրը եւ հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի խախտի իր պայմանավորվածությունները, սակայն մեկ նախադասություն արտաբերելուց հետո այդ համաձայնագիրը խախտելու մեղադրանքներ հնչեցրեց ԱՄՆ-ի հասցեին»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝