Եթե պուտինիզմն իր ներկայիս ձեւաչափով շարունակի գոյություն ունենալ…

gettyimages-476506935crop

«Մինչեւ 1991թ.-ը դժվար թե ինչ-որ մեկը կանխատեսեր ԽՍՀՄ-ի փլուզումը, իսկ հիմա գրեթե ոչ ոք չի համարձակվում կանխատեսել պուտինիզմի ավարտը: Արեւմուտքի պաշտոնատար անձանց շրջանում եւ Ռուսաստանում լայնորեն տարածված է այն համոզմունքը, որ Պուտինը դեռ երկար է «ձգելու»»,- The Guardian-ում գրում է սյունակագիր Նատալի Նուգայրեդը:

«Դիտարկելով Ռուսաստանի ապագայի հետ կապված երկու տեսակետները՝ Նուգայրեդն անեկդոտ է պատմում. «Ռուսաստանցի լրագրողը մի անգամ Բորիս Ելցինին հարցնում է, թե նրա կարծիքով ինչպիսին է իրավիճակը երկրում: «Լավ»,- բացականչում է նա: Երբ լրագրողը խնդրել է ավելի մանրամասն պատասխանել, Ելցինն ասել է. «Ոչ այնքան լավ»»:

«Ռուսաստանն այսօր պատերազմում է Սիրիայում եւ Ուկրաինայում, եւ դա նոր նորմա է, այլ ոչ թե անցողիկ փուլ: Ռուսաստանյան հանրությունն ընդունել է ագրեսիվ ազգայնականության գաղափարը եւ հակաարեւմտյան տրամադրությունները, Ռուսաստանը շահագրգիռ չէ հակամարտություններ կարգավորելով եւ ուժերն օգտագործում է որպես առանցքային գործիք արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար: Ռուսաստանի ՀՆԱ-ն կազմում է իտալականի մեկ երրորդը, այդ երկիրը չկարողացավ դիվերսիֆիկացնել տնտեսությունը, սակայն Պուտինը դա փոխհատուցում է Ռուսաստանի միջազգային հեղինակությամբ: Նա Ռուսաստանի ներսում թույլ տեղերից ուշադրությունը շեղում է՝ օգուտ քաղելով Արեւմուտքի թույլ տեղերից, որոնք խորացել են Թրամփի նախագահությունից հետո: Պուտինը լավ վիճակում է եւ դեռ երկար է «ձգելու»»,-առաջին տեսակետն է ներկայացնում հոդվածագիրը:

Հակառակ տեսակետը դիտարկելով Նուգայրեդը գրում է. «Պուտինի առջեւ լճացող տնտեսությամբ նավթագազային տերությունում իշխանության փոխանցման խնդիրն է, որտեղից տաղանդավոր երիտասարդությունն արտագաղթում է: Ռուսաստանը դատապարտված է անկման: Զարգացող Չինաստանը շնչում է նրա թիկունքում: Եվրասիական միության հետ կապված Պուտինի նախագիծը դատարկություն է: Վերամբարձ ազգայնականությունը կանհետանա եւ Պուտինի դարաշրջանն անխուսափելիորեն կավարտվի»:

«Եթե պուտինիզմն իր ներկայիս ձեւաչափով շարունակի գոյություն ունենալ, Ռուսաստանին անհրաժեշտ է զսպել, իսկ եթե պուտինիզմն աստիճանաբար սկսի զգալ իր վերջին ցնցումները, իմաստ կա պատրաստվելու ավելի կարեւոր փոփոխությունների Ռուսաստանում: Երկրորդ դեպքում Ռուսաստանը ստիպված պետք է շրջվի դեպի Եվրոպան կայունության եւ արդիականացման համար, եւ այդ ժամանակ նրան անհրաժեշտ է առաջարկել Արեւմուտքի հետ մերձենալու ծրագիր կոշտ պայմաններով՝ ներառյալ Ուկրաինայից, Վրաստանից եւ Մոլդովայից զորքերի հեռացումը»:

«Առաջին սցենարն ավելի իրատեսական է: Իսկ երկրորդի հետ կապված կարելի է որոշակի հույսեր փայփայել»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝