Շատ արագ մոտենում է այն պահը, երբ Պուտինն այլեւս չի կարող քեզ օգնել

689ea0f133da15eb817bfecfcc82010c

«Ռուսաստանում առանց կանոնների անողոք պայքար կծավալվի, որպեսզի որոշեն, թե ով է հաջորդելու Պուտինին 2024թ.-ին վեցերորդ նախագահական ժամկետի ավարտից հետո»,- The New York Times-ում գրում է լրագրող Նիլ Մաքֆարքուարը:

«Պուտինի արքունիքը՝ Կրեմլի առաջին 40-50 մարդիկ եւ նրանց աջակիցները հաջորդ նախագահական ժամկետը կանցկացնեն ապագայի համար աղմկոտ վիճաբանություններով: Հորիզոնում արդեն երեւում է ժամկետի ավարտը, եւ պալատականներն ավելի շատ կենտրոնացած են ինքնապահպանման վրա, այլ ոչ թե Պուտինին ծառայելու: Ինչպես կանխատեսվում է, հաջորդ տարի իշխանության համար պայքարը դրամատիզմ կհաղորդի նախագահական մրցավազքին»,- նշում է Մաքֆարքուարը:

«Որոշ ներքին վիճաբանություններ արդեն դարձել են հանրային: Դրանց թվում՝ հեղինակավոր հետազոտական համալսարանի փլուզումը եւ ցնցող կոռուպցիոն գործը, որի ընթացքում կաշառակերության մեջ մեղադրվող նախկին նախարարն ասել է, որ իրեն մեղադրել է նախկին լրտեսը, ով համարվում է Պուտինի ամենամտերիմ համակիրներից մեկը: Նախկինում նախագահը կկարգավորեր նման վեճերն անձամբ»,- ասվում է հոդվածում:

«Անհնար է թաքցնել այդ հսկայական լարվածությունը, անորոշության ամենաբարձր մակարդակը, որը տիրում է ռուսական էլիտայի շրջանում»,- մեկնաբանել է քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Հաազեն: -Նրանք հիմարություններ են անելու, շանտաժի են ենթարկելու միմյանց, լրտեսելու են մեկմեկու եւ այդ մասին տեղեկացնելու են Պուտինին»:

 «Նա չի կարող միանգամից հեռանալ: Նա լավ գիտի, որ եթե իր իրավահաջորդն անհաջողության մատնվի, հետապնդման կենթարկվեն երկուսն էլ»,- ասել է քաղաքագետը:

Հոդվածի հեղինակը նաեւ կարծիք է հայտնում, որ Պուտինը կարող է սահմանադրության փոփոխության ճանապարհով հաստատել ինչ-որ բարձրագույն ռազմական խորհուրդ կամ անվտանգության խորհուրդ, ղեկավարել այն եւ այդ կերպ պահպանել ազդեցությունը: «Դրա հետ մեկտեղ տարատեսակ խմբավորումներ փորձելու են նախագահին համոզել պաշտոնի ժառանգորդ նշանակել  իրենց թեկնածուին՝ խոստանալով պաշտպանել ընդհանուր շահերը»,- գրում է լրագրողը:

«Նրանց համար, ովքեր մտադիր են դառնալ նախագահի իրավահաջորդ, դա մահացու համար է: Թեկնածուները պետք է զգուշանան նրանից, որպեսզի իրենց մեջ չտեսնեն նախագահի համար անմիջական սպառնալիք, ով, ինչպես հայտնի է, անհանգստանում է իր դրությամբ: Միեւնույն ժամանակ ի հայտ են գալիս նախանշաններ, որ Պուտինի ազդեցությունը թուլանում է: Բացի Ուլյուկաեւից, Սեչինը, երեւում է, մտադիր է խորտակել ներդրումային «Սիստեմա» ընկերությունը բազմաթիվ դատական հայցերի ճանապարհով՝ չնայած Պուտինի հրապարակային նախազգուշացումներին, ով ցանկություն է հայտնել, որ նմանատիպ վեճերը լուծվեն խաղաղ ճանապարհով»,- ասվում է հոդվածում:

«Բացի այդ, հանկարծակի, Սեչինը հրապարակայնորեն խոստացավ աշխատել Ռամզան Կադիրովի՝ Չեչնիայի առաջնորդի հետ»,- նշում է հեղինակը:

«Վերլուծաբանների խոսքերով՝ որքան Պուտինը դառնում է «կաղ բադ», այդքան քիչ ազդեցություն է ունենում իրավահաջորդին ընտրելու հարցում, եւ ավելի աղմկոտ են դառնալու Կրեմլի ինսայդերները,- ասվում է հոդվածում: -Շատերն են մատնանշում Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի դեպքը՝ որպես օրինակ այն բանի, որ Պուտինի հովանավորչությունն այդքան էլ վստահելի չէ»:

Քաղաքագետ Գլեբ Պավլովսկին ընդգծում է. «Հիմա կարեւոր է այն, թե դու կարո՞ղ ես լինել Պուտինից անկախ, որովհետեւ շատ արագ մոտենում է այն պահը, երբ Պուտինն այլեւս չի կարող քեզ օգնել»:

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

Դիտվել է՝