Ռուսաստանն արագ չի ազատվի սիրիական պատերազմի բեռից

KMO_150139_00188_1_t218_200314

«Ռուսաստանն ապացուցեց, որ Խորհրդային Միության փլուզումից քառորդ դար անց կրկին ի վիճակի է պատերազմել հեռավոր տարածքներում: Սակայն Մոսկվայի համար դեռ շուտ է խոսել հաղթանակի մասին»,- համոզված է Neue Zürcher Zeitung-ի լրագրող Անդրեաս Ռյուշը:

««Աստված երրորդություն է սիրում». ակնհայտ է, որ այս ասացվածքը Կրեմլը տեղին է համարում նաեւ Սիրիայի ռազմական գործողությունների համար: Արդեն երկու անգամ՝ 2016թ.-ի մարտին եւ 2017թ.-ի հունվարին, Մոսկվան հայտնել էր, որ Սիրիայից դուրս է բերել նշանակալի քանակության զորք, սակայն երկու անգամն էլ հրադարարը երերուն էր եւ դարձավ ընդամենը «միջանկյալ խաղ» իրավիճակի հերթական էսկալացիայից առաջ»,- գրում է Ռյուշը:

«Զորքի դուրսբերման երրորդ հայտարարությունն արվում է ամբողջովին փոփոխված մարտավարական մթնոլորտում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը ոչնչացված է, սիրիական կառավարական բանակը ռուսաստանյան եւ իրանական ուժերի օգնությամբ վերադարձրեց վերահսկողությունը Եփրատի արեւմտյան ափին գտնվող ամենավերջին տարածաշրջանի նկատմամբ: Առաջին անգամ վերջին մի քանի տարվա ընթացքում Ասադի ռուսամետ ռեժիմն արդյունավետ կերպով վերահսկում է Իրաքից եկած մատակարարումների երթուղին: Երկրում մնացած ապստամբական խմբավորումները դժվար թե Ասադի համար վտանգ ներկայացնեն»:

«Պուտինի համար դա կատարյալ հարմար պահ է, որպեսզի սկսի զորքի դուրսբերումը եւ նվազեցնի Սիրիայում միջամտության ծախսերը: Նա ապացուցեց, որ սահմանափակ ռազմական գործողություններով հնարավոր է բեկման հասնել: Այսօր՝ ռուսաստանյան միջամտությունից երկու տարի անց, Ասադն ավելի քան վստահ նստած է իր աթոռին, եւ ամերիկացիները դադարել են բարձրաձայն Դամասկոսում իշխանափոխություն պահանջել»,- գրում է հեղինակը:

«Սակայն Ռուսաստանը ցինիկ կերպով փորձում էր քողարկել Ասադի կողմից քիմիական զենքի հանցավոր կիրառումը: Հաջողությունը երկարատեւ չի թվում, քանի որ Սիրիան հեռու է խաղաղությունից: Ասադը ցանկանում է մնալ իշխանությանը զենքի օգնությամբ, սակայն երկիրը վերականգնելու համար բավարար գումար չկա: Ռուսաստանն ի վիճակի չէ Սիրիային տրամադրել նաեւ հսկայածավալ տնտեսական օգնություն»,- գրում է լրագրողը՝ կանխատեսելով, որ Սիրիան կմնա ավերված երկիր, որտեղ շարունակվելու են արյունալի հակամարտությունները:

«Սիրիայում ՌԴ ռազմաբազան կլինի ոչ միայն Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի իշխանության, այլեւ բեռի խորհրդանիշ, որը դեռ երկար ժամանակ տանելու է իր ուսերին: Սակայն Պուտինի համար դրանք երկրորդական խնդիրներ են: Նրա համար առաջնահերթությունը կլինի վերընտրությունը: Նա գիտի, որ ժողովուրդը թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի՝ հեռավոր Սիրիայում ռիսկային գործունեությանը»,- եզրափակում է լրագրողը:

Աղբյուր՝ Neue Zürcher Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝