Խաղաղ կարգավորման ամերիկա-սաուդյան նախագիծն անհանգստացնում է պաղեստինցիներին

RTX36PRK-layout-comp-725x483

«ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայի հետ միասին մշակում է Մերձավոր Արեւելքում իրավիճակի խաղաղ կարգավորման նախագիծը, որն անհանգստացնում է պաղեստինցիներին. գործարքը կարող է նրանց համար թանկ արժենալ»,- Tagesspiegel-ում գրում է Քրիստիան Բյոմեն:

«Սաուդյան Արաբիան հավակնում է արաբական աշխարհի  առաջատարի դերին: Իսկ տարածաշրջանային գերտերության դերը, որը երանգ է հաղորդում ինչպես քաղաքական, այնպես էլ կրոնական հարցերին, նախատեսում է Երուսաղեմի հարցով Դոնալդ Թրամփի որոշման քննադատություն: Էր-Ռիադը սահմանափակվեց այսպիսի հայտարարությամբ՝ «անպատասխանատու քայլ, որը կասկածի տակ է դնում խաղաղության հաստատման ջանքերը»»:

Բյոմեն մեկնաբանում է. «Ըստ էության, Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ը միակարծիք են այն հարցում, ինչը վերաբերում է Մերձավոր Արեւելքի ապագային: Ինչպես ԱՄՆ-ի աշխատակազմն, այնպես էլ սաուդյան միապետությունն իրական վտանգ են զգում Թեհրանի աճող ազդեցությունից: Այդ վտանգի տեղայնացման համար նրանց պետք են աջակիցներ, իսկ այնտեղ խաղի մեջ է մտնում Իսրայելը՝ մոլլաների ռեժիմի եւ պաղեստինցիների ակտիվ հակառակորդը»:

«Կան տեղեկություններ, որ Սաուդյան Արաբիան աջակցում է տարածաշրջանում խաղաղ կարգավորման հայեցակարգը, որը պատրաստվում է ներկայացնել Վաշինգտոնը»,- նշում է հեղինակը:

«Դա չի կարող չանհանգստացնել պաղեստինցիներին: Նրանք մտավախություն ունեն, որ վերջիվերջո ստիպված են լինելու մի շարք զիջումներ անել Իսրայելին՝ ի վնաս սեփական շահերի: Դա կարող է լինել, օրինակ, Երուսաղեմից՝ որպես ապագա պաղեստինյան պետության մայրաքաղաքից վերջնականապես հրաժարվելը, կամ էլ օկուպացված տարածքներում հրեական բնակավայրերի պահպանման երաշխիքները»:

«Նման դեպքում Պաղեստինը կարող է Հորդանանի արեւմտյան ափին մնալ որպես որոշակի ինքնիշխանություն ունեցող պետություն: Աբասի համար իրերի նման դասավորվածությունն անընդունելի է, իսկ Սաուդյան Արաբիային դա ամենաքիչն է անհանգստացնում: Էր-Ռիադի համար ամենակարեւորն Իրանին զսպելն է, իսկ դրա համար նրան անհրաժեշտ է ԱՄՆ-ի եւ Իսրայելի բարեհաճությունը»:

«Որպես այդ դաշինքի շարժիչ ուժ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը»,- նշում է թղթակիցը:

«Սալմանը բարեկամական  հարաբերություններ է կառուցել Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների հետ: Ամերիկացի նախագահի 36-ամյա փեսան հաճախակի է այցելում Մերձավոր Արեւելք, որպեսզի աջակցություն ձեռք բերի խաղաղ կարգավորման ամերիկյան հայեցակարգի հարցում: Կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնի նախագիծը մշակվել է Իսրայելի շահերը հաշվի առնելով. Քուշները եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն արդեն երկար տարիներ պահպանում են ջերմ ընտանեկան կապեր»,- եզրափակում է Բյոմեն:

Աղբյուր՝ Tagesspiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝