«Ճեղքում ձեռնաշղթայով». «մարտաֆիլմ»՝ Սաակաշվիլիի գլխավոր դերակատարմամբ

24957118_1342444449217492_1637430285_o

 «Սաակաշվիլիի արկածներն Ուկրաինայում շարունակվում են: Դեկտեմբերի 5-ին ուկրաինացի ուժայինները Վրաստանի նախկին նախագահին բերման ենթարկեցին Կիեւի այն շենքի կտուրից, որտեղ նա բնակվում էր: Ինչպես հայտնի է, նրան մեկուսարան տեղափոխել չհաջողվեց, քանի որ քաղաքական գործչի կողմնակիցներն արգելափակեցին ուժայինների մեքենան եւ ազատեցին Սաակաշվիլիին»,- ru.hromadske.ua կայքում գրում են Մաքսիմ Կամենեւը եւ Անգելինա Կարյակինան:

«Սաակաշվիլիին մեղադրում են հանցավոր կազմակերպության հետ համագործակցելու մեջ: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն ցուցադրեց տեսաձայնագրություններ, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ Սաակաշվիլին առնվազն 300 հզր դոլար ֆինանսավորում է ստացել բողոքի ակցիաներ կազմակերպելու համար: Դատախազը պնդում է, որ նրան ֆինանսավորել է Սերգեյ Կուրչենկոն՝ Վիկտոր Յանուկովիչի ժամանակաշրջանի սկանդալային գործարարը, ով հետախուզման մեջ է եւ թաքնվում է Ռուսաստանում»:

«Թքած ունեմ, թե ինչ է ասում Լուցենկոն: Նրանք ստախոս արարածներ են»,- արձագանքեց Սաակաշվիլին:

«Հատուկ գործողություններին ներգրավված էին Ուկրաինայի գրեթե բոլոր ուժային կառույցները, սակայն փոխադարձ անվստահության եւ չհամակարգված գործողությունների արդյունքում նրանք չկարողացան մեկուսացնել Սաակաշվիլիին: Ո՞րն էր պատճառը»:

24946053_1342444609217476_170495730_o

«Մարտաֆիլմ»՝ կտուրի վրա

«Յուրի Լուցենկոյի խոսքերով, Միխայիլ Սաակաշվիլիի գործով զբաղվել է Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը: Ըստ նրա, քաղաքական գործչի եւ նրա կողմնակիցների հեռախոսների գաղտնալսումների արդյունքում պարզվել է, որ Սերգեյ Կուրչենկոն միջնորդի օգնությամբ գումար է փոխանցել Սաակաշվիլիի կողմնակից, «Նոր ուժերի շարժում» կուսակցության Կիեւյան շրջանային բաժանմունքի ղեկավար Սեվերիոն Դանգաձեին: Վերջինս ձերբակալվեց, իսկ Լուցենկոն հանրայնացրեց հանդիպումների տեսանյութերը: Ուկրաինայի Անվտանգության խորհրդի եւ գլխավոր դատախազության ղեկավարները համատեղ քննարկումից հետո, համարելով, որ Սաակաշվիլիի դեմ ունեն բավարար ապացույցներ, որոշեցին նրան բերման ենթարկել: Այդ նպատակով ստեղծվեց հատուկ քննչական խումբ, որի կազմում ընդգրկվեցին տարբեր ուժային կառույցների աշխատակիցներ: Կային պնդումներ, որ ՆԳՆ աշխատակիցները չեն զգուշացվել հատուկ գործողությունների մասին, քանի որ Անվտանգության խորհրդի եւ դատախազության աշխատակիցները զգուշացել են տեղեկատվական արտահոսքից»:   

«Վաղ առավոտյան ուժայինները փորձել են մուտք գործել Սաակաշվիլիի բնակարան: Վերջինս հրաժարվել է բացել դուռը, եւ «Ալֆա» ջոկատի ծառայողները կոտրել են այն: Սակայն Սաակաշվիլիին տանը չեն գտել. նա պատշգամբով բարձրացել է շենքի կտուր եւ այնտեղից սկսել է գոռալ, որպեսզի հարեւան բնակիչները ոստիկանություն կանչեն»:

24946251_1342444602550810_847372867_o

«Այնուհետ նա լրագրողների եւ անցորդների ուշադրությունը գրավելու համար սկսել է բղավել, որ իրեն փորձում են ձերբակալել կեղծ մեղադրանքների հիման վրա»: «Ես կոչ եմ անում ժողովրդին դուրս գալ փողոցներ եւ խանգարել Պորոշենկոյին, ով Պուտինի հրամանով ցանկանում է առեւանգել ինձ»,-գոչել է նախկին նախագահը:

«Ալֆա»-ի անհաջող «որսը»

«Այդ ընթացքում քաղաքական գործչի համակիր Դավիդ Սաքվարելիձեն սոցցանցում կոչ է արել մարդկանց հավաքվել շենքի մոտ: Մեկ ժամ հետո հատուկջոկատայինները կարողացել են կտուրից իջեցնել Սաակաշվիլիին, իսկ շենքի մոտ արդեն հավաքվել են նրա հարյուրավոր կողմնակիցները: Արդեն տեղում են եղել նաեւ ՆԳՆ եւ Ազգային գվարդիայի տարբեր ստորաբաժանումները: ՆԳՆ ղեկավարները հաստատել են, որ իրենք հատուկ գործողությունների մասին տեղեկացել են միայն առավոտյան: «Ալֆայականները» Սաակաշվիլիին տեղափոխել են ծառայողական ավտոմեքենա, սակայն վերջինիս համակիրներն արգելափակել են մեքենայի ճանապարհը: Հրմշտոցը եւ բախումները տեւել են շուրջ 3 ժամ: Ինչպես ուժայինները, այնպես էլ հավաքված քաղաքացիներն արցունքաբեր գազ են կիրառել»:

24882762_1342444605884143_1229975515_o

«Ակտիվիստները ծակել են ծառայողական մեքենայի անվադողերը եւ սկսել են բարիկադներ կառուցել: Նրանք կոտրել են մեքենայի ապակիներն ու դուռը՝ այնտեղից դուրս բերելով Սաակաշվիլիին: Վերջինիս ձեռքից կախված էր ձեռնաշղթան: Ավելի ուշ, ելույթ ունենալով Գերագույն Ռադայի մոտ, նա ցուցադրաբար թափահարում էր այդ ձեռնաշղթան՝ խոստանալով այն պահել Պորոշենկոյի եւ Լուցենկոյի համար»:  

24946253_1342444612550809_1883639945_o

24879018_1342444595884144_1396965338_o

24946274_1342444599217477_1567568519_o

Աղբյուր՝ ru.hromadske.ua

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝