Ուկրաինայում նաեւ «կրոնական ճակատ» է բացվում

1471188568

«Կիեւը միջոցներ է ձեռնարկում երկրում ռուսաստանյան ազդեցության դեմ եւ միեւնույն ժամանակ նշանառության տակ է վերցնում ուղղափառ եկեղեցին: Սակայն թշնամաբար տրամադրված եկեղեցիներն առաջին անգամ զիջումների գնացին»,- շվեյցարական Neue Zürcher Zeitung-ում գրում է Իվո Միյնսենը:

«Երբ Ռուսաստանը ցանկանում է հիմնավորել Արեւելյան Եվրոպայում իշխանության իր հավակնությունները, կրոնը համարվում է կարեւոր փաստարկ: Արդեն ավելի քան հազար տարի ուղղափառությունը սահմանում է սլավոնական մշակույթը եւ կրկին վերելք է ապրում հետխորհրդային տարածքում: Կրեմլի համար եկեղեցին հզոր քաղաքական դաշնակից է, որը լրացնում է «ռուսական աշխարհի» վերացական-կայսերական գաղափարը: Սակայն կրոնի քաղաքականացումը հանգեցնում է դիմադրության հենց Ուկրաինայում, որտեղ ուղղափառ եկեղեցուն կրկին եւ կրկին ներգրավում են Ղրիմի եւ Դոնբասի հակամարտության մեջ»,- գրում է լրագրողը:

«Ռուսաստանից հեռու մնալու իր ձգտումներում ուկրաինական կառավարությունը մի քանի ամիս առաջ նշանառության տակ վերցրեց նաեւ ուղղափառ եկեղեցին, որը գտնվում է Մոսկվայի պատրիարքարանի ղեկավարության ներքո»,- նշվում է հոդվածում:

«Համաձայն գործող օրինագծի՝ եկեղեցիները, որոնց ղեկավարությունն իրականացնում է «ագրեսոր երկիրը», ապագայում պետք է գրանցման հատուկ գործընթացներ անցնեն, իսկ կարեւոր պաշտոնների նշանակումը պետք է համաձայնեցվի պետության հետ»:

«Մոսկովյան պատրիարքարանը դա համարում էր  ոտնձգություն կրոնի ազատության նկատմամբ: Սակայն, թվում է, Մոսկովյան եկեղեցու ղեկավարությունը համակերպվել է օրենքի ընդունմանը»,- գրում է լրագրողը՝ նշելով, որ Ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսների խորհուրդը որոշում ընդունեց պաշտոնապես Կիեւ տեղափոխել Մոսկովյան պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցու կենտրոնը, քայլ, որին Մոսկվան երկար ժամանակ ընդդիմանում էր:

283306

«Ուղղափառության հարցերով առաջատար գերմանացի փորձագետ Շտեֆան Կուբի կարծիքով, շնորհիվ ընդունված որոշման Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին պաշտոնապես ինքնավարություն է ստանում, որը գործնականում ավելի վաղ ուներ, սակայն կարեւոր որոշումները, հավանաբար, հետագայում նույնպես ընդունվելու են Ռուսաստանում»:

«Այնուամենայնիվ, ընդունված որոշումը նոր դինամիկա է հաղորդելու ուղղափառության մեջ Կիեւի ունեցած դերի վերաբերյալ քննարկումներում: Կիեւը կարեւորագույն նշանակություն ունի սլավոնական մշակույթի համար, այստեղ 988թ.-ին տեղի է ունեցել Կիեւյան Ռուսիայի «մկրտությունը»: Միեւնույն ժամանակ, Կիեւյան պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցին, որը ձեւավորվել է  Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու պառակտումից հետո 1991թ.-ին եւ ունի մեծ թվով  ծխական, չի ընդունվում Արեւելյան Եվրոպայի ուղղափառ եկեղեցիներից շատերի կողմից»,- հայտնում է հոդվածագիրը:

«Առճակատումը բարդացնում է հարաբերություններն ամբողջ աշխարհի ուղղափառ կրոնական համայնքի ներսում, որի կազմում կա ավելի քան 300 մլն մարդ: Չմոռանանք, որ 2016թ.-ին բոլոր ուղղափառ եկեղեցիների հավաքի նախօրեին մոսկովյան պատրիարք Կիրիլն ուկրաինացիներին անվանեց ազգայնամոլներ եւ պառակտիչներ: Ուկրաինական իշխանությունների նոր օրենքը, հավանաբար, կսրի հակամարտությունը»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ Neue Zürcher Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝