Իսրայելը պատրաստ է բաց առճակատման, եթե Իրանը փորձի ընդլայնել իր ռազմական ներկայությունը Սիրիայում

Israeli-warplanes-and-tanks-carried-out-attacks-across-the-Gaza-Strip

«Իսրայելական ավիահարվածը սիրիական Ալ-Քիսվա ռազմաբազայի ուղղությամբ, որն Իրանը ծրագրել է օգտագործել, կարող է դառնալ Երուսաղեմի եւ Թեհրանի միջեւ առճակատման նոր փուլ»,- Die Welt-ում գրում է Հիլ Յարոնը:

«Սիրիայում քաղաքացիական պատերազմն աստիճանաբար ավարտին է մոտենում, սակայն արդեն վաղուց նոր ռազմական հակամարտություն է սկսվել մի կողմից Ռուսաստան-Իրան  առանցքի, մյուս կողմից՝ ԱՄՆ-Իսրայելի միջեւ,- նշում է հոդվածի հեղինակը: -Հարցը նրանում է, թե ով ապագայում որոշիչ խոսք կունենա Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական կարեւոր տարածաշրջանում, եւ ինչպիսի առավելություններ կարող են կողմերը ստանալ հետպատերազմյան իրավիճակից»:

«Ռուսաստանը եւ Իրանն աջակցեցին նախագահ Ասադին եւ հիմա ցանկանում են ստանալ շահաբաժին: Ռուսաստանն ընդարձակում է իր միակ միջերկրածովյան նավահանգիստը Տարտուսում եւ մի շարք տնտեսական ու ռազմական համաձայնագրեր է ստորագրել Դամասկոսի հետ: Իրանցիներն, իրենց հերթին, հետապնդում են առավել վտանգավոր նպատակ: Նրանք երազում են ցամաքային միջանցքի մասին, որը կձգվի մինչեւ Միջերկրական ծովը, եւ ցանկանում են  նաեւ Տարտուսում վերակառուցել իրենց ռազմական նավահանգիստը: Բացի այդ, նրանք հայտնել են, որ մտադիր են երկարաժամկետ նպատակով Սիրիայում տեղակայել զորախումբ եւ օդուժ՝ ոխերիմ թշնամի Իսրայելի սահմանի մոտ»,- գրում է հոդվածի հեղինակը:

«Մինչեւ հիմա այդ առճակատումները սահմանափակվում էին միայն հայտարարություններով, սակայն Իսրայելը հարվածեց Դամասկոսից հարավ գտնվող ռազմական համալիրին, որտեղ իրանցիները զբաղվում են այդ ռազմաբազայի ընդլայնմամբ՝ իրենց զինվորականներին այնտեղ տեղակայելու համար: Այդ առումով ավիահարվածը կրկնակի նախազգուշացում էր ինչպես Թեհրանին, այնպես էլ Մոսկվային»,- կարծում է Յարոնը:

 «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեռ վերջերս շեշտում էր նախագահ Պուտինի հետ ունեցած իր լավ հարաբերությունները: Եվ իրոք, Իսրայելին եւ Ռուսաստանին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել այն հարցի շուրջ, որ իսրայելական օդուժը կարող է Սիրիայում ազատ տեղաշարժվել չնայած այն հանգամանքին, որ այնտեղ առկա է ռուսաստանյան հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր: Իսրայելն ավելի քան 100 օդային հարված է հասցրել Սիրիայի տարբեր շրջաններում, իսկ Մոսկվան անձայն արձանագրել է այդ ավիահարվածները»:

«Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը պահանջել է ավելացնել պաշտպանական բյուջեն առաջիկա հինգ տարիների համար մեկ մլրդ եվրոյով, որպեսզի արժանի կերպով պատասխան տա նոր մարտահրավերներին»: Այլ խոսքերով, ընդգծում է Յարոնը, որպեսզի հնարավորություն ունենա պատերազմ վարել երկու ճակատով՝ Լիբանանի եւ Սիրիայի դեմ:

«Ռուս-իսրայելական հարաբերությունների հարցերով փորձագետ Ալեքս Թենզերի կարծիքով Ալ-Քիսվայի ուղղությամբ ավիահարվածը կարեւոր ազդանշան էր: «Իսրայելը ցանկանում էր ցուցադրել Պուտինին, որ ինքը լուրջ է վերաբերվում իր կողմից նշանակված կարմիր գծին: Անհասկանալի է՝ արդյոք դա Մոսկվայի մոտ տպավորություն թողեց: Մոսկվան հետաքրքրված է Թեհրանի հետ քաղաքական եւ տնտեսական համագործակցությամբ. նա չի ցանկանում փչացնել հարաբերությունները ոչ Իսրայելի եւ ոչ էլ Իրանի հետ»,- կարծում է փորձագետը:

«Ավիահարվածն առավել կարեւոր հաղորդագրություն էր պարունակում Թեհրանի եւ Ասադի համար: Իսրայելը չի վախենա բաց առճակատումից, եթե Իրանը փորձի նաեւ հետագայում ընդլայնել իր ռազմական ներկայությունը Սիրիայում: Եվ բաց հակամարտությունը կարող է շատ շուտ բռնկվել, օրինակ, եթե հաջորդ ավիահարվածի հետեւանքով զոհվեն իրանցի զինվորականներ»,- եզրափակում է Յարոնը:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝