Մերձբալթիկայում միշտ առկա է Ռուսաստանի կողմից ներխուժման մտավախությունը

4282556

«Մերձբալթիկայում ընդլայնվում է հակառուսաստանյան ռազմականացված շարժումը: Մասնավորապես, խոսքը Լատվիայի ազգային գվարդիայի մասին է, որի կազմի մեջ մտնում է 8000 մարդ: Ինչպե՞ս են առաջացել այդ խմբավորումները եւ ի՞նչ գործոններ են նպաստել դրանց զարգացմանը վերջին տարիներին»,-գրում է Սիրիլ Բրեն ֆրանսիական Atlantico հրատարակչությունը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Մերձբալթիկայի հարաբերություններին, այդ հարցում անթույլատրելի են միամտությունը եւ սենսացիաների ձգտումը: Ազգային զգացմունքներն Էստոնիայում, Լիտվայում եւ Լատվիայում շատ ուժեղ են, քանի որ անկախությունը նրանք ձեռք են բերել վերջերս՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Նրանք 1940թ.-ին ԽՍՀՄ-ի կողմից ենթարկվել են շրջափակման անեքսիայի Մոլոտով-Ռիբբենտրոպի դաշնագրով: Ազգային մշակույթները եւ լեզուները զիջեցին դիրքերը մասնավորապես այնտեղ ժամանած խորհրդային քաղաքացիների պատճառով: Վախը կրկին առաջացավ Ղրիմի անեքսիայից եւ Դոնբասի պատերազմից հետո»:

Ինչպե՞ս են լուծվում խնդիրները Մերձբալթիկայում ռուսական փոքրամասնության հետ: Ինչպիսի՞ն է լարվածությունը բնակչության այդ երկու շերտերի միջեւ:

-Այսօր ռուսալեզու փոքրամասնությունները բալթյան քաղաքացիների հետ կազմում են այդ ԵՄ անդամ երկրների բնակչության զգալի մասը. մոտավորապես 30 տոկոս Լատվիայում, 25 տոկոս Էստոնիայում եւ 7 տոկոս Լիտվայում: Որոշ շրջաններում նրանք նույնիսկ համարվում են էթնիկ եւ մշակութային մեծամասնություն, ինչպես, օրինակ, էստոնական Նարվայում:

Լարվածությունը բավականին մեծ է, քանի որ այստեղ երկու տեսակետներ են բախվում: Որոշ ազգայնականներ ռուսական փոքրամասնություններին համարում են զավթիչներ կամ հինգերորդ շարասյուն, որից օգտվում է Ռուսաստանը Մերձբալթիկայի անեքսիան նախապատրաստելիս, Ղրիմի եւ Ուկրաինայում հիբրիդային պատերազմի օրինակով: Մյուս կողմից՝ մի շարք ռուսաստանյան լրատվամիջոցներ «նկարում» են ռուսական փոքրամասնության տագնապահար վիճակը Մերձբալթիկայում, իբր նրանք դառնում են պարբերական խտրականության եւ համընդհանուր կասկածի զոհերը: Լարվածությունն աճում է, քանի որ այդ երկու տեսակետներն անհաշտ են. Ռուսաստանն ավելացնում է օգնությունը փոքրամասնություններին, իսկ Մերձբալթիկան դրան կասկածով է նայում:

Խորհրդանշական առումով լարվածության միջնակետը դարձավ 2006թ.-ին Տալինում զինվորի բրոնզե արձանի շուրջ ստեղծված իրավիճակը. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված խորհրդային բանակի զինվորների հիշատակին նվիրված այդ արձանը Մերձբալթիկայում ընկալվում էր որպես շրջափակման եւ ռուսական իմպերիալիզմի խորհրդանիշ: Դրա ապամոնտաժումը դիվանագիտական ճգնաժամ առաջացրեց Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ ներքին ճգնաժամ փոքրամասնությունների հետ:

Գոյություն ունե՞ն նմանատիպ այլ իրավիճակներ ՌԴ սահմաններին:

-Ռուսական փոքրամասնությունների հարցը մեծ նշանակություն ունի Վլադիմիր Պուտինի վարկանիշի համար: Նման փոքրամասնություններ գոյություն ունեն Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում: Նրանց ճակատագրերի համար անհանգստանում են Ռուսաստանում գտնվող նրանց հարազատները: Կրեմլի ռազմական եւ դիվանագիտական միջամտությունները բացատրվում են նրանց պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Ղազախստանում ռուսական փոքրամասնության թիվը կրճատվում է, սակայն Մոլդովայում նրանք հայտնվեցին սառեցված Մերձդնեստրյան հակամարտության կենտրոնում. 1991թ.-ին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ռուսական փոքրամասնությունը երկրի արեւելյան մասում անկախություն հռչակեց, եւ մինչեւ հիմա այն գտնվում է ռուսաստանցի զինվորականների պաշտպանության ներքո:

Աղբյուր՝ Atlantico

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝