Ինչպե՞ս պաշտպանվել, եթե Հյուսիսային Կորեան միջուկային հրթիռով հարվածի ԱՄՆ-ին

h_51337343

«Հյուսիսային Կորեան ի վիճակի է միջուկային ռումբ պատրաստել, նաեւ ունի միջցամաքային բալիստիկ հրթիռ, որը կարող է հասնել մինչեւ ԱՄՆ մայրցամաք: Փխենյանի կողմից նման հրթիռի գործարկման դեպքում ԱՄՆ-ը համակարգ ունի, որը կարող է չեզոքացնել հրթիռը տիեզերքում: Այն արժե 40 մլն դոլար,- The Washington Post-ում հայտնում են Բոննի Բերկովիցը եւ Արոն Ստեկելբերգը: -Սակայն մենք չգիտենք՝ արդյոք դրա օգտագործումը հաջող կլինի»:

«Այդ համակարգը, որը կոչվում է հակահրթիռային պաշտպանության ցամաքային համակարգ (GMD), դեռեւս լիարժեք մշակված չէ: 2004թ.-ին մարտական պատրաստության բերելու պահին այն չկարողացավ ոչնչացնել մարտագլխիկները 10 փորձարկումներից 6-ի դեպքում, սակայն վերջին երկու փորձարկումները հաջող են անցել»,- ասվում է հոդվածում:

Այնուհետեւ լրագրողները նկարագրում են մարտագլխիկների ոչնչացման ստորեւ թվարկված բոլոր փուլերը.

Հյուսիսային Կորեան գործարկում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:

Արբանյակները եւ ռադարները հայտնաբերում են հրթիռները եւ հետեւում են դրանց տեղաշարժին:

Հրթիռը բաց է թողնում մարտագլխիկը եւ խաբուսակը:

GMD-ը բաց է թողնում «որսացող սարքերը»:

Դրանք բաց են թողնում ոչնչացնող միջոցը:

Ոչնչացնող միջոցը գտնում է մարտագլխիկը:

«Մայիսյան փորձարկման ժամանակ ամեն ինչ բարեհաջող է անցել: Սակայն թերի գործողությունների հետեւանքները կարող են աղետաբեր լինել»,- նշում են հեղինակները:

«Եթե Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի միջոցով բաց թողնի վեց մարտագլխիկ, եւ մենք որսանք դրանցից հինգը, դուք կասեք. «Օհո՛, վեցից հինգը, վատ չէ»,- բացատրել  է Սպիտակ տան Գիտության եւ տեխնոլոգիայի բաժնի ազգային անվտանգության հարցերով տնօրենի նախկին տեղակալ Բրյուս Մակդոնալդը: -Սակայն եթե արդյունքում մենք կորցնենք Սիեթլը, մենք բավականին վատ կզգանք մեզ, թեեւ համակարգը 80 տոկոսով արդյունավետ է աշխատել: Ահա թե ինչի հետ մենք գործ ունենք»:

«Այսպես, GMD-ը կօգնի զսպել Հյուսիսային Կորեային, քանի որ այն կարող է աշխատել: Սակայն հուսալ, որ այն մեզ կպաշտպանի, մեծ ռիսկ է»,- ենթադրում են հեղինակները:

«Չեմ կարծում, որ հրթիռային պաշտպանությունը մեզ կփրկի,- ասել է ֆիզիկոս Լորա Գրեգոն, ով ուսումնասիրել է GMD համակարգը,- մենք պետք է լուծենք Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդիրը դիվանագիտական ճանապարհով, թեեւ դա ցանկալի չէ լսել: Մարդիկ չեն ուզում լսել, որ մենք խոցելի ենք»:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝