«21-րդ դարի Յալթան» կամ ռուս-ամերիկյան միությունը

image

«Եվրոպան, հայտնվելով 2016թ.-ի քաղաքականության «տգեղ բադաճտի» դերում՝ մերժված Մեծ Բրիտանիայի կողմից, ծաղրված Դոնալդ Թրամփի կողմից, Ելիսեյան պալատ բերեց Էմանուել Մակրոնին որպես Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահի»,- գրում է The New York Times-ի թղթակից Ռոջեր Քոենը:

«Մակրոնն իր ամբողջ քարոզարշավի ընթացքում հանդես եկավ որպես ԵՄ-ի եւ եվրոպական ընդհանուր փոխարժեքի ջատագով: Դա ռիսկային էր, քանի որ Եվրամիության հետ նույնականացումը դժվար թե լավագույն որոշումը թվար: Սակայն հենց  եվրոյի եւ ԵՄ-ի հանդեպ թերահավատությունը դարձավ նրա մրցակցի՝ Մարին Լը Պենի քաղաքական ինքնասպանության պատճառը»:

«Լը Պենը սխալ հաշվարկ էր կատարել: Ֆրանսիան, որտեղ Եվրամիության դրոշները զարդարում են շատ շինություններ, Մեծ Բրիտանիան չէ: Այն համարվում է ԵՄ-ի հիմնադիր պետություններից մեկը, եւ Եվրամիությունը մինչեւ հիմա շատ դեպքերում որոշակիացնում է հետպատերազմյան Ֆրանսիայի ձգտումները: Ինչպես ասել էր քաղաքական գործիչ Ժակ Ռուպնիկը, «Գերմանիայի համար միությունը քավություն էր, իսկ Ֆրանսիայի համար այն ցանկալի ելք էր Երկրորդ համաշխարհային պատերազմի նվաստացումից եւ ապագաղութացումից հետո»,- շարունակում է հեղինակը:

«Ֆրանսիայի եւ Գերմանիայի միությունը տուժեց սառը պատերազմի ավարտից հետո, քանի որ կորցրեց հավասարակշռությունը Գերմանիայի միավորման ժամանակ, սակայն ընդհանուր նվիրվածությունը եվրոպական գաղափարին մնում է հիմնարար երկու պետությունների համար: Հանկարծ այդ գաղափարը վերակենդանացավ, քանի որ Brexit-ը համախմբեց մտքերը, նաեւ այն պատճառով, որ ֆրանսիացիները «նոր Յալթան» սպառնալիք են համարում»,- ասվում է հոդվածում:

«Ժան-Լուի Բուրլանժը՝ Եվրախորհրդարանի նախկին անդամը, «21-րդ դարի Յալթան» բնորոշեց որպես ռուս-ամերիկյան միություն, որը չի թաքցնում իր թշնամանքը ԵՄ-ի եւ եվրոպացիների անկախության նկատմամբ»:

«Անգելա Մերկելը Գերմանիայի առաջիկա ընտրությունների ֆավորիտն է: Մակրոն-Մերկել դուետը կարող է հրաշալի լինել: Նրանք կարող են հաջողություններ ունենալ շատ ոլորտներում: Առաջինն անվտանգությունն է. Եվրամիությանն անհրաժեշտ են արդյունավետ արտաքին սահմաններ: Երկրորդը ֆինանսականն է. եվրոն ապագայում կարող է գործել միայն ֆինանսական ամրապնդման պայմաններում: Եվրոպան արդեն տառապում է լճացումից եւ կարիք ունի նոր աշխատատեղերի ստեղծման: Եվ վերջապես, դա համերաշխությունն է. այնպիսի երկրների ազատ վարքագծին, ինչպիսիք են Հունգարիան եւ Լեհաստանը, որոնք օգտվում են ԵՄ-ի մեծահոգությունից, սակայն անտեսում են եվրոպական ժողովրդավարական արժեքները, պետք է վերջ դնել»,- համոզված է Կոենը:

«Եվ Մակրոնը, եւ Մերկելը խանդավառ եվրոպացիներ են: Պուտինի կողմից սպառնալիքը, Թրամփի  անիմաստ արտաքին քաղաքականությունը եւ Մեծ Բրիտանիայի փոքրոգությունը, նաեւ տնտեսության առողջացումը բացառիկ հնարավորություններ են ստեղծել Եվրոպան դաշնային դարձնելու երազանքները կյանքի կոչելու համար: 2017թ.-ը կարող է լինել Եվրոպայի տարին»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝