Ամերիկացիները ե՞րբ կկարողանան նվազեցնել Պուտինի միջին միավորը

_98716050_f3ad17e4-ac35-47c8-ae53-587f76231ebe

«Ռուսաստանն իզու՞ր է ծախսել իր ամբողջ փողը: Կա կարծիք, որ Պուտինին խաբել են: Մեկ տարի անց այն ժամանակաշրջանից, երբ Պուտինն իր բոլոր ջանքերը ներդրեց, որպեսզի ամերիկյան ընտրությունների ընթացքը բեկի հօգուտ Դոնալդ Թրամփի, տնտեսական պատժամիջոցները շարունակում են մնալ ուժի մեջ, իսկ ռուս-ամերիկյան հարաբերություններում հազիվ թե ջերմացում արձանագրվի»,- գրում է ամերիկյան The Washington Post-ի թղթակից Ֆրեդ Հայեթը:

Սակայն հեղինակը կարծում է, որ Պուտինին գնահատական տալ միայն այդ երկկողմանի չափանիշով նշանակում է նրան թերագնահատել: «Երբ նա հրամայում էր իր գերատեսչություններին, որոնք փոխարինել են Պետական անվտանգության կոմիտեին, միջամտել ընտրություններին, ավելի լուրջ նպատակներ էր հետապնդում»,- ենթադրում է լրագրողը: «Եկեք մեկ տարի անց ուսումնասիրենք առավել ամբողջական ժամանակացույցը՝ հիմնված երեք նպատակների գնահատականի վրա, որոնք, հավանաբար, նա իր համար էր սահմանել. եւ չպետք է մոռանալ, որ մենք դեռ չենք անցել նախանշված ճանապարհի նույնիսկ ¼-րդը»,- գրում է թղթակիցը:

Նվազեցնել աշխարհում ամերիկյան առաջնորդությունը

«Այստեղ Պուտինը պետք է հրճվանքի մեջ լինի: Թրամփի աշխատակազմը մեկ տարվա ընթացքում այնպես նսեմացրեց ամերիկյան առաջնորդությունը, որ Ռուսաստանը միայնակ չէր կարողանա դա անել տասնամյակների ընթացքում: Այսպես, Թրամփի նախաձեռնությամբ ԱՄՆ-ն դուրս եկավ 11 երկրների հետ Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությունից, որոնք ամերիկյան պաշտպանության կարիքն ունեին Չինաստանին դիմակայելու համար: Արդյունքում Չինաստանն ինքնագոհ ճեմում է ասիական բեմի վրա՝ իրեն գլխավոր զգալով:

Միեւնույն ժամանակ աշխատակազմը դուրս է գալիս Կլիմայի հարցերով փարիզյան համաձայնագրից, եւ ԱՄՆ-ն դառնում է միակ երկիրն աշխարհում, որն արել է դա, կրկին թույլ տալով Չինաստանին դառնալ համաշխարհային առաջնորդ շրջակա միջավայրի պաշտպանության հարցում: Երկրագնդի մեծ մասում կատարված հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի հանդեպ հարգանքի եւ վստահության ցուցանիշը կտրուկ նվազում է»:

Գնահատական՝ Ա (ԱՄՆ-ի գնահատման համակարգում ամենաբարձր միավորը):

Կոտրել ժողովրդավարության հանդեպ հավատը

«Այստեղ Պուտինը կրկին պետք է գոհ լինի,- կարծում է հեղինակը: -Նվազագույն ներդրումների միջոցով նա ազդեց ընտրողների վրա այնպես, որ դա բավարար էր, որպեսզի կասկածի տակ դրվեր նախագահական ընտրությունների արդյունքները: Հնարավոր է՝ առավել նշանակալի է այն, որ գործող աշխատակազմը չի ձեռնարկել ոչ մի քայլ նրա կրկնակի միջամտությունը կանխելու համար, իսկ կուսակցությունը, Կոնգրեսում մեծամասնություն լինելով, իրեն հակասական է պահում: Այնպես որ, հնարավոր է, որ երկիրը պաշտպանված չլինի 2018 եւ 2020թ.թ.-ին»:

Գնահատական՝ Ա:

Ամերիկացիներին տրամադրել մեկը մյուսի դեմ

«Ի՞նչն է ամենաազդեցիկը ռուսաստանցիների կողմից ներկայացված կեղծ լուրերի մեջ, դա նրանց ցինիզմն է. ոչ մի բանի հանդեպ հավատ չկա, միայն կասկածի եւ ատելության սերմանում, ջանքեր, որպեսզի տրամադրեն կրոնական խմբավորումներին մեկը մյուսի դեմ եւ կոտրեն հավատն ինստիտուտների եւ ընդհանուր ճշմարտության գաղափարի հանդեպ,- նշում է հոդվածագիրը: -Պուտինը դժվար թե կարողանար գտնել ավելի լավ մեղսակից, քան Սպիտակ տան ներկայիս բնակիչն է»:

«Հարցումները ցույց են տվել, որ անվստահությունը եւ մոլեռանդությունն աճում են, իսկ մի շարք ինստիտուտների հանդեպ հավատը թուլանում»:

Գնահատական՝ Ա մինուսով

«Պուտինն օգտագործում է ճաքերը եւ լարվածությունը, որոնք արդեն գոյություն ունեին, այլ ոչ թե ստեղծում է դրանք: Եթե ամերիկացիները որոշեն, որ մեր երկիրն ավելի լավն է, քան Պուտինի պատկերացումներում է, մենք կկարողանանք այն այդպիսին դարձնել: Մենք կկարողանանք պահպանել մեր ժողովրդավարական հաստատությունները, մերժել մոլեռանդությունը եւ կապ հաստատել «երազողների» հետ (ծրագրի անվանում, որը պաշտպանում է երիտասարդ ներգաղթյալներին արտաքսումից): Եվ մենք կկարողանանք նվազեցնել Պուտինի միջին միավորը»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝