Ռուսաստանը ցանկություն չունի օժանդակել դաշնակցին, ով չի երաշխավորում իր բացարձակ հավատարմությունը

vvp700

«Բելառուսցի բռնապետ Լուկաշենկոն երկար ժամանակ Ռուսաստանի կողքին էր: Սակայն հետագայում նա շոկ ապրեց Ղրիմի անեքսիայից: Իսկ եթե Բելառուսի կողմը նայելիս հանկարծ Պուտինի ախորժակը բացվի՞: Լուկաշենկոն այդ պահից փոխվեց»,-գրում է Պավել Լոկշինը գերմանական Die Welt հանդեսում:

«Թեեւ Ռուսաստանը եւ Բելառուսը համարվում են եղբայրական պետություններ, Մինսկը Մոսկվայի համար հանդիսանում է հետխորհրդային տարածքի ամենաբարդ գործընկերներից մեկը: Վերջին 3 տարում Լուկաշենկոն կամաց-կամաց փոխում է իր ռուսամետ կողմնորոշումը»,-կարծիք է հայտնում հեղինակը:

«Ռուսաստանը Մինսկի հետ հարաբերություններում պետք է լիներ կանխատեսելի եւ առատաձեռն, չէ՞ որ Բելառուսը, վերջիվերջո, ինքնատիպ բուֆերային գոտի է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ: Փորձագետների գնահատականներով՝ 2005-2015թ.թ.-ին Ռուսաստանն իր արեւմտյան հարեւանին միայն էներգետիկ ոլորտում 100 մլրդ դոլարի սուբսիդիա է տրամադրել: Սակայն 2 պետությունների համար էլ պարզ է. Ռուսաստանը ցանկություն չունի օժանդակել դաշնակցին, ով չի երաշխավորում իր բացարձակ հավատարմությունը»:

«Այսպես, նախորդ տարի Բելառուսը հրաժարվեց «Գազպրոմին» վճարել 700 մլն դոլարի պարտքը եւ պահանջեց նվազեցնել գազի գինը: Դրան ի պատասխան Մոսկվան դադարեցրեց նավթի մատակարարումը: Ռուսաստանը ներդրեց նաեւ սահմանային վերահսկողության համակարգը, ինչը չէր գործում մոտ 20 տարի: Մոսկվայի այդ քայլը կարելի է դիտարկել որպես Մինսկի՝ ԵՄ քաղաքացիների համար մուտքի վիզաների չեղարկման որոշման պատասխան»:  

«Մինչ օրս Մինսկը Ղրիմը չի ճանաչել որպես ռուսաստանյան տարածք: Ավելին, Մոսկվայի ուկրաինական ագրեսիան ստիպում է նյարդայնանալ Լուկաշենկոյին: Եթե Մոսկվան իրեն վերադարձրեց «ռուսաստանյան Ղրիմը եւ Արեւելյան Ուկրաինայում քաոս սերմանեց, ապա ինչու՞ մի օր նույնը տեղի չի ունենա Բելառուսի հետ»,-շարունակում է հեղինակը:

«Արդեն 3 տարի Մինսկը փորձում է զգուշորեն հեռավորություն պահել Մոսկվայից գաղափարական տեսանկյունից եւ ընդգծել բելառուսցիների ազգային ինքնությունը: Բելառուսի իշխանությունները հավանություն են տալիս այն դիրքորոշումներին, որոնք նախկինում ճնշման էին ենթարկվում, օրինակ, բելառուսական լեզվի դերի, ԽՍՀՄ-ի եւ Ռոմանովյան կայսրության նկատմամբ քննադատական մոտեցման մասին»:

«Սակայն այդ «փափուկ բելառուսիֆիկացիան» չի ուղեկցվում ժողովրդավարական գործընթացներով: Լուկաշենկոն բռնապետ է, ում տիրապետությունը կախված է Ռուսաստանից, ինչպես բելառուսական տնտեսությունը, որի ՀՆԱ-ի ¼-րդը կազմում են ռուսաստանյան սուբսիդիաները: Անգամ եթե Լուկաշենկոն այժմ փորձում է շրջվել դեպի Արեւմուտք, նրա հնարավորությունները սահմանափակ են: Վերջերս Մինսկը դեմ քվեարկեց ՄԱԿ-ի հռչակագրին, որով դատապարտվում էին Ղրիմում մարդու իրավունքների խախտումները, իսկ Ռուսաստանը պիտակավորվում էր որպես «օկուպացիոն ուժ»»:

«Լուկաշենկոյի եվրոպամետ քաղաքականությունը չի ստացվի ոչ միայն այն պատճառով, որ դեպի Արեւմուտք շրջադարձի դեպքում նա պետք է վախենա Մոսկվայի կոշտ արձագանքից, այլ նաեւ այն պատճառով, որ կառուցվածքային բարեփոխումները եւ իրական ժողովրդավարացումը հարցականի տակ կդնեն նրա սեփական իշխանության գոյությունը»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝