Ինչո՞ւ պետք է Թրամփը զինի Ուկրաինային

2b8a5690992ef161674188634cf43c85_1497979641-907x600

«Նախագահ Թրամփը հաճախ է ցանկություն հայտնում կառուցել ավելի սերտ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Սակայն, ինչպես հայտնել է պետքարտուղար Թիլերսոնը, երկկողմ հարաբերությունների կարգավորումն անհնար կլինի առանց Ուկրաինայի հանդեպ ռուսաստանյան ագրեսիայի դադարեցման»,- The Washington Times-ում գրում են Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպաններ Սթիվեն Փայֆերը եւ Ջոն Հերբսթը:

«Վաշինգտոնն ակտիվացրել է իր դիվանագիտական ջանքերը հակամարտությունը կարգավորելու համար, ինչը երեւաց Կուրտ Վոլկերին հատուկ դեսպանորդի պաշտոնին նշանակելով: Սակայն առավել լուրջ դիվանագիտությունը կարիք ունի այլ միջոցների, այնպիսի, ինչպիսիք են պատժամիջոցները, որպեսզի Կրեմլին դրդի փոխել իր մոտեցումը: Նաեւ եկել է ժամանակը, որպեսզի Թրամփը դադարեցնի Օբամայի աշխատակազմի քաղաքականությունը՝ մերժելով  Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը»,- ասվում է հոդվածում:

«ԱՄՆ-ը սկսեց օգնել ուկրաինական բանակին 2014թ.-ին Դոնբասը պաշտպանելու փորձերի ժամանակ: Այդ մասնակի օգնությունը՝  ռադիոտեղորոշիչ համակարգերը, անվտանգ կապի սարքավորումները շատ կարեւոր էին ուկրաինացի զինվորականների համար»,- նշում են հեղինակները:

«Ի դեպ, Օբամայի աշխատակազմն իրականացրել էր ռազմական աջակցության քաղաքականությունը միայն ոչ մահաբեր զինտեխնիկա տրամադրելով: Իսկ ռուսաստանյան բանակը Դոնբասը լցրել է տանկերով եւ այլ զինտեխնիկայով: Ռուսաստանյան տեխնիկան որոշիչ գործոն դարձավ Դոնեցկի եւ Դեբալցեւոյի օդանավակայանների վրա հաջողված հարձակում գործելու համար»,- նշում են հեղինակները:

«Եթե Կիեւը կարողանա Մոսկվային զրկել հեշտությամբ ռազմական գործողություններ անցկացնելու հնարավորությունից, դա կմեծացնի այն հեռանկարը, որ Կրեմլն այլ ընթացքով կշարժվի, ինչը կարող է հանգեցնել խաղաղ կարգավորման: Թրամփը, ով ցուցադրել է Սիրիայում ակտիվ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամություն, հիմա պետք է հրաժարվի իր նախորդի անհաջող քաղաքականությունից  եւ հաստատի Ուկրաինային մահաբեր զինտեխնիկայի տրամադրումը»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ The Washington Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝