Ստեղծվել է եվրոպական պաշտպանություն. ի՞նչ է դա եւ ինչպե՞ս է գործում

EU-Army-PESCO-640x480

«Ժան-Կլոդ Յունկերը եվրոպական պաշտպանությունը (Pesco) կոչել է «Լիսաբոնյան պայմանագրի քնած գեղեցկուհի»: Երեկ այն արթնացավ եւ կատարեց առաջին քայլերը ԵՄ անդամ 23 պետությունների ուղեկցությամբ»,-գրում է Մարկո Բրեզոլինը իտալական La Stampa թերթում:

«Այդ նախաձեռնությունը կհանգեցնի՞ արդյոք եվրոպական բանակի ստեղծմանը, ինչը ցանկանում է Էմանուել Մակրոնը: Դրա համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնել: Անհրաժեշտ խթան հանդիսացան պատմական 2 ֆենոմենները. Brexit-ը, ինչի պատճառով ԵՄ-ն կլքի այն երկիրը, որն ամենաքիչն է ցանկանում համագործակցել պաշտպանության ոլորտում, եւ Դոնալդ Թրամփի մուտքը Սպիտակ տուն, նախագահ, ով Եվրոպային հստակ հաղորդագրություն ուղարկեց, որ պաշտպանության հարցում պետք է ապավինել միայն սեփական ուժերին»:

Ո՞ր երկրներն են միացել

«Իտալիան Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իսպանիայի հետ հանդիսանում է 23 երկրների կազմած միության առանցքը: Մալթան, Իռլանդիան, Դանիան, Պորտուգալիան եւ Մեծ Բրիտանիան չեն մասնակցի Pesco-ին»:

Նախաձեռնությունը ե՞րբ կստանա օրենքի ուժ

«Pesco-ն իրականություն կդառնա ԵՄ միջազգային գործերի խորհրդում մեծամասնության կողմից հավանության արժանանալուց հետո: Քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 11-ին»:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ նախաձեռնությունը

«Նախագծերը կվերաբերվեն տարբեր ասպեկտների՝ ներուժի զարգացումից մինչեւ օպերատիվ ծրագրեր: Եվրոպական պաշտպանության թույլ տեղերից մեկն այն է, որ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է կարգավորում ծախսերը, նաեւ այն, որ առանձին երկրների սպառազինությունները տարբեր բնութագրեր ունեն»:

Ինչպե՞ս պաշտպանվել ռուսաստանյան քարոզչությունից

«Եվրոպան փնտրում է ռուսաստանյան քարոզչությանը դիմակայելու եւ ֆեյք-նորությունների դեմ պայքարելու գործիքներ: Բրյուսելում խոսում են օպերատիվ խմբերի մասին, որոնք զբաղված են ԵՄ ռազմավարական ենթակառուցվածքներով: Խմբերից մեկը զբաղվում է Արեւելյան Եվրոպայով, Մյուսը՝ Արեւմտյան Բալկաններով, իսկ երրորդը՝ արաբական աշխարհով: Բացի այդ, ստեղծվել է ապատեղեկատվության դեմ պայքարի փորձագիտական խումբ, որը կգործի հունվարից»: 

Աղբյուր՝ La Stampa

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝