Նավալնիի կողմնակիցներն այկիդոյի մեթոդներով կպայքարեն Պուտինի դեմ

KMO_147946_00201_1_t222_165852

«Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի նախընտրական շտաբի ղեկավարը հայտարարել է, որ իրենց համակիրները բողոքի համազգային ակցիաներ կկազմակերպեն եւ կբոյկոտեն հաջորդ տարի անցկացվելիք նախագահական ընտրությունները, եթե Նավալնիի անունը տեղ չգտնի թեկնածուների ընտրական ցուցակում»,-գրում է Թոմ Փարֆիթը The Times հանդեսում:

Շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը նշում է. «Մենք ընտրողներին տեղեկացնում ենք, որ եթե հիմնական ընդդիմախոսին թույլ չտան մասնակցել ընտրություններին, ապա դա կլինի ոչ թե ընտրական գործընթաց, այլ իմիտացիա, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում էր»:

«Նավալնիին որպես նախագահի թեկնածու գրանցելու շանսերը Վոլկովը գնահատում է 50/50»: «Մեր հակառակորդները շատ ռացիոնալ կերպով են մտածում: Եթե նրանց գնահատմամբ Նավալնիի գրանցումը մերժելու քաղաքական գինը շատ բարձր լինի, նրանք մեր թեկնածուին կգրանցեն»,-կարծում է Վոլկովը:

«Նավալնիի կողմնակիցների խոսքերով՝ եթե անգամ Պուտինը համոզված լինի, որ մարտին հաղթելու է, իրենք կարող են նրա իմիջին լուրջ վնաս հասցնել»:

«Դա մեր քաղաքական այկիդոն է: Մենք օգտագործում ենք մեր մրցակցի ուժը: Երկրում բոլորը գիտեն, որ Պուտինն է որոշում, թե ովքեր են լինելու իր մրցակիցները: Մենք այդ ուժը կփոխակերպենք թուլության»,-նշում է Նավալնիի շտաբի ղեկավարը:

«Նա է որոշում, թե ում հետ է մրցակցելու ընտրություններին, եւ եթե նա խուսափի մեզ հետ մրցակցելուց, դա կնշանակի, որ Պուտինը վախեցած է եւ ի վիճակի չէ հաղթել արդար պայքարում»,-եզրափակել է Լեոնիդ Վոլկովը:

Աղբյուր՝ The Times 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝