«Թրամփը համոզված է, որ ինքը նոր Քիսինջերն է, Ռուսաստանը ձգտում է քաոսի, Չինաստանն էլ՝ գերակայության»

Trump-Putin2

«Թրամփը ցանկանում է գործել ինչպես Հենրի Քիսինջերը, սակայն նա Քիսինջերն է առանց ռազմավարության»,- հայտարարել է ամերիկացի քաղաքագետ եւ Eurasia Group-ի հիմնադիր Իեն Բրեմերն իտալական Corriere della Sera թերթի թղթակից Ջուզեպե Սարչինային տված հարցազրույցում: Բրեմերը նոր է վերադարձել Վիետնամից, որտեղ հետեւում էր Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին եւ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հպանցիկ հանդիպմանը:

«Թրամփը պնդում է, որ Ռուսաստանն անհրաժեշտ է Հյուսիսային Կորեայի հետ ճգնաժամը վերացնելու համար: Դա այդպե՞ս է»,- հարցրել է լրագրողը:

«Ինձ այդպես չի թվում: Ռուսաստանն այն երկիրն է, որը լրջորեն կորցնում է իր կշիռը: Եվ Պուտինը մտածում է, որ դա կարող է լրացնել՝ նպաստելով աշխարհի անկայունությանն ու քաոսին, հատկապես ԱՄՆ-ում: Ահա թե ինչու, օրինակ, նա փորձում է միջամտել ամերիկյան եւ արեւմտյան մյուս երկրների ընտրություններին: Ահա թե ինչու չի նկատվում Մոսկվայի հատուկ ակտիվությունը Հյուսիսային Կորեային զսպելու հարցում: Ընդհակառակը, Պուտինն ավելի շահագրգռված է օգնել հյուսիսկորեացիներին՝ համաշխարհային մակարդակով լարվածություն առաջացնելու համար»,- ասել է փորձագետը:

«Թրամփը շարունակում է զայրանալ լրատվամիջոցների, Կոնգրեսի, ՀԴԾ-ի եւ առհասարակ բոլորի վրա, բացի Պուտինից: Թրամփը շարունակում է մտածել, որ Պուտինի հետ հնարավոր է դրական հարաբերություններ կառուցել: Սակայն դժվար թե նման բան տեղի ունենա: Բազմաթիվ անորոշություններ եւ խոչընդոտող գործոններ կան. Թրամփի աշխատակիցների եւ Կրեմլի միջեւ կապի հետաքննությունը, գործող տնտեսական պատժամիջոցները եւ այլն»:

«Իսկ ինչ վերաբերում է Չինաստանի՞ն»,- հարցրել է թղթակիցը:

«Ասիական մյուս երկրների առաջնորդները, որոնց հետ ես զրուցել եմ, շատ անհանգիստ են,- հայտնել է քաղաքագետը: -«Ամերիկան բոլորից առաջ» Թրամփի կարգախոսն օրինականացնում է Սի Ցզինպինի «Չինաստանը բոլորից առաջ» կարգախոսը: Խնդիրը նրանում է, որ չինացիներն իրականացնում են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գերակայություն սահմանելու ծրագիրը՝ դա ներկայացնելով որպես ազգային շահերի օրինական պաշտպանություն»:

«Այսինքն Չինաստանի հետ երկխոսության Թրամփի ձգտումն ԱՄՆ-ի համար անարդյունք կլինի՞»,- հետաքրքրվում է լրագրողը:

«Թրամփը փորձում է իրեն պահել այնպես, իբր Հենրի Քիսինջերն է: Նա ցանկանում է «դուռը բաց թողնել» քաղաքական ընդդիմախոսների համար, նրանց հետ երկխոսություն ունենալ, այդ թվում նաեւ մեծ խաղադրույքներ անելով սեփական հարաբերությունների վրա: Սակայն Քիսինջերն ընդհանուր ռազմավարություն ուներ: Իսկ այստեղ ռազմավարություն չի երեւում: ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները վիճակված են վատանալու՝ չնայած Թրամփի եւ Սի Ցզինպինի ջերմ հանդիպումներին»,-կարծիք է հայտնել քաղաքագետը:

 

Աղբյուր՝ Corriere della Sera

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝