Ինչպես է Պուտինն օգտագործում Հունգարիան Եվրոպան կործանելու համար

orbanvp

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՄ-ում ունի մի շարք առանցքային դաշնակիցներ: Որոշ երկրներում դրանք մարգինալ տարրեր են: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան եւ Նիդերլանդները, նրանք իշխանության հասնելու տպավորիչ քայլեր են կատարել, սակայն, ի վերջո, ձախողվել են: Բայց Հունգարիայում, որը գտնվում է Ավստրիայից դեպի արեւելք, Ուկրաինայից դեպի արեւմուտք, Բալկանյան երկրներից դեպի հյուսիս եւ ունի 10 մլն բնակչություն, Պուտինի հարազատը երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն է»,-  գրում է Աննա Նեմցովան The Daily Beast-ում:

«Ինչպես Պուտինի բազմաթիվ դաշնակիցների եւ համակիրների դեպքում է, Օրբանը միգրացիայի դեմ պայքարը դարձրել է իր ծրագրի գլխավոր թեման: Հետո նա ավելի հեռուն գնաց՝ մեկ այլ հունգարացու անվանելով «չարամիտ լիբերալիզմի մարմնացում»: Միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով մի ժամանակ աջակցում էր Օրբանին, հիմա համարվում է նրա թիվ մեկ թշնամին: Վերջերս արած հրապարակային հայտարարությունում Օրբանն աշխարհի խոշորագույն բարեգործին անվանեց «սատանա»՝ նշելով, որ Հունգարիայի ամենալավ համալսարաններից մեկի հիմնադիրը ցանկանում է կործանել Եվրոպան՝ այնտեղ թողնելով մուսուլման փախստականներին»,-ասվում է հոդվածում:

«Կրեմլը շատ էներգիա է վատնել՝ փորձելով վարկաբեկել Եվրամիության քաղաքականությունը Մերձբալթիկայում, Բալկաններում եւ Արեւմտյան Եվրոպայում, սակայն հունգարացի առաջնորդին համոզելու անհրաժեշտություն չկար, քանի որ Վլադիմիր Պուտինը եւ Վիկտոր Օրբանը միանման են մտածում, եւ Օրբանը տեղում ձեռք է բերել բավականաչափ աջակցություն շնորհիվ իր գաղափարների»,- գրում է Նեմցովան:

«Մենք սերտ կապեր ենք պահպանում Հունգարիայի բոլոր աջակողմյան գաղափարախոսների հետ, քանի որ դա Վաշինգտոնից ղեկավարվող Եվրամիության միակ տեղն է, որտեղ առաջնորդներն այնքան համարձակ են, որ բացահայտ կարող են ասել այն ամենը, ինչ մտածում են փախստականների եւ լիբերալների մասին»,- ասել է կրեմլյան աշխատակազմի խորհրդական Սերգեյ Մարկովը:

«Հունգարական Demokrata աջակողմյան թերթի գլխավոր խմբագիր Անդրաշ Բենչիկը պնդում է, որ իր երկրի առաջնորդ Օրբանը եւ նրա «Ֆիդես. հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը «խիզախորեն»  օգտագործեց ծայրահեղ աջակողմյան հռետորաբանությունը: Ազգայնական Բենչիկը լավ խոսում է ռուսերեն, հաճախ մասնակցում է ռուսաստանյան դեսպանատան միջոցառումներին եւ հատկապես Ռուսական մշակույթի տան միջոցառումներին, որը գտնվում է Demokrata թերթի գրասենյակի անմիջական հարեւանությամբ: Խմբագիրը վերջերս մեկնել էր Մոսկվա իր որդու եւ ընկերոջ, նաեւ իշխող «Ֆիդես» կուսակցության անդամների հետ, որպեսզի մասնակցի համաժողովի, որը վերաբերում էր միջազգային անվտանգության հարցերին»:

«Ես ուրախ եմ, որ Վլադիմիր Պուտինին դուր է գալիս այցելել Բուդապեշտ»,- ասել է Բենչիկը՝ լայն ժպտալով: «Այս տարի Պուտինն այնտեղ երկու անգամ է եղել»,- նշում է Նեմցովան:

«Օրբանին նույնպես դուր է գալիս այցելել Մոսկվա: 2014թ.-ին նա Կրեմլի հետ 12 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Պակշայում խորհրդային ժամանակների ատոմակայանի ընդլայնման համար»,- ասվում է հոդվածում:

Հունգարիայում Transparency International-ի գործադիր տնօրեն Յոզեֆ Պետեր Մարտինն ասում է, որ անհանգստություն է առաջացնում այդ գործարքի շուրջ առկա պոտենցիալ կոռուպցիան. «Ոչ մի մանրամասնություն ատոմակայանի կառուցման վարկի մասին մեզ չեն հայտնում, որը պաշտոնապես պետական գաղտնիք է համարվում»:

«Հունգարիայի հակալիբերալ դիրքորոշումն այնքան թշնամական է, որ այն, հնարավոր է, ոգեշնչում է Կրեմլի գործակալներին ինչպես Եվրոպայում, այնպես էլ երկրի ներսում»,- գրում է Նեմցովան: «Մենք Օրբանի աջակողմյան կուսակցությունը համարում ենք օրինակ մեր կատարյալ քաղաքականության համար: Ի տարբերություն Հունգարիայի, Ռուսաստանում մինչեւ հիմա չի ստեղծվել հզոր աջակողմյան կուսակցություն»,- ասում է Ռուսաստանի արտաքին հետախուզության պաշտոնաթող գեներալ Լեոնիդ Ռեշետնիկովը:

Աղբյուր՝ The Daily Beast

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝