ՆԱՏՕ-ն Բալթյան երկրներին եւ Լեհաստանին կզինի ՀՕՊ նոր համակարգերով

image (1)

«Լիտվայի պաշտպանության նախարարի խոսքերով, սպասվում է, որ ՆԱՏՕ-ն Բալթյան երկրներում եւ Լեհաստանում կստեղծի հակաօդային պաշտպանության նոր վահան, որպեսզի լրացուցիչ կերպով ամրապնդի Ռուսաստանի հետ արեւմտյան ռազմական դաշինքի սահմանները»,-Newsweek-ում գրում է լրագրող Թոմ Օ՛Քոնորը:

«Լիտվան վաղուց էր խնդրում ընդլայնել հակաօդային պաշտպանության համակարգերի ներուժը, եւ անցած տարի այդ երկիրն ընտրեցին Լատվիայի, Էստոնիայի եւ Լեհաստանի հետ միասին, որպեսզի տեղակայեն ՆԱՏՕ-ի բազմազգ ռազմական ստորաբաժանումներ, որոնք ստեղծվել են դաշինքի կողմից  ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ որպես հակակշիռ այն գործողություններին, որոնք ՆԱՏՕ-ն համարում է ռուսաստանյան ագրեսիա»,-ասվում է հոդվածում:

Reuters գործակալության թղթակիցը Լիտվայի պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսին հարցրել է. «Ի՞նչ եք կարծում, հակաօդային պաշտպանության վահանի մասին պայմանավորվածությունը կընդունվի՞ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում, որը տեղի կունենա 2018թ.-ի հուլիսին»: Կարոբլիսը պատասխանել է. «Այո, մենք սպասում ենք»:

«Հակաօդային պաշտպանությունն այն հարցերից է, որի վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք, պետք է դիտարկենք նաեւ այլ ոլորտներ, օրինակ՝ ՆԱՏՕ-ի հրամանատարության կառուցվածքային բարեփոխումը, մեզ հարկավոր է առաջ գնալ այդ բոլոր ոլորտներում»,- նշել է Լիտվայի պաշտպանության նախարարը:

«Երբ ՆԱՏՕ-ում ներառվեց ամերիկյան Aegis ռազմական տեղեկատվական-կառավարող համակարգը, Բալթյան երկրները եւ Լեհաստանը 2016թ.-ի հունիսից բանակցություններ սկսեցին կապալառու ընկերությունների հետ, որպեսզի ստեղծեն օդային պաշտպանության համապարփակ համակարգեր»:

«Բալթյան երկրներում, Լեհաստանում եւ այլ եվրոպական երկրներում հաճախ դժգոհում էին, որ ռուսաստանյան ռազմական օդանավերը մուտք են գործում իրենց օդային տարածք: Այն պահից հետո, երբ 2016թ.-ի նոյեմբերին նախագահ դարձավ Թրամփը, ով ՆԱՏՕ-ն անվանում  էր «հնացած», ավելացավ մտավախությունը պաշտպանական նախագծերի եւ ՆԱՏՕ-ի այլ ծրագրերի ապագայի հարցում: Որոշ ժամանակ անց Թրամփը փոխեց իր դիրքորոշումը»,-գրում է հեղինակը:

Աղբյուր՝ Newsweek

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝