«Վտանգավոր համակցություն». Թրամփ-Ցզինպին-Պուտին

598365

«ԱՄՆ նախագահի այցը Պեկին անցավ բարեկամական մթնոլորտում, սակայն շոշափելի արդյունքներ չարձանագրվեցին: Պուտինի հետ հանդիպումն ավելի կոշտ կլինի եւ նույնքան անարդյունավետ»,-գրում է Կոնրադ Կրամերն ավստրիական Kurier հանդեսում:

«Ավելի քան 250 մլրդ դոլարի չափով պայմանագրեր են կնքվել»,-հայտարարեց Թրամփը Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո: «Սակայն նա մոռացավ ընդգծել, որ խոսքն առանց որեւէ պարտավորության համաձայնագրերի մասին է: Երկու երկրների փորձագետները թերահավատորեն են վերաբերվում խոստացվող բեկումներին»:

«Եթե Թրամփը փորձում է բոլորին համոզել, որ այցը հաջողված էր, ապա նա առեւտրային պատերազմ չպետք է ծավալի»,-նշում է Ֆուդանի համալսարանի պրոֆեսոր Ու Սինյբոն: Իսկ ամերիկացի փորձագետ Քրիստոֆեր Ջոնսոնը նշում է. «Չինաստանը պատրաստ է թեկուզ ամբողջ օրը ստորագրել առեւտրային համաձայնագրեր, քանի դեռ ոչ ոք ոտնձգություն չի կատարել նրա արդյունաբերական քաղաքականության եւ խիստ սահմանափակ մուտք ունեցող նրա շուկայի նկատմամբ»:

«Միջազգային քաղաքական հարցերում Թրամփը Չինաստանի կողմից ոչ մի զիջման չհասավ: Հյուսիսային Կորեայի հարցը Թրամփի ասիական շրջագայության ցուցակի առաջին տեղում էր, եւ ԱՄՆ նախագահը ջանքեր էր գործադրում Ցզինպինին համոզել՝ ավելացնել ճնշումը Փխենյանի վրա: Սակայն Սին անդրդվելի էր»:

«Չինաստանը ցույց է տալիս ամբողջ աշխարհին, որ վստահելի ուժ է, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի գործերը լավ չեն, ինչպես նաեւ ամերիկացիների հանդեպ վստահության մակարդակը: Թրամփի անմիտ գործողությունները թույլ են տալիս Չինաստանին գլոբալիզացիայի չեմպիոնի դերում հանդես գալ»,-կարծիք է հայտնում փորձագետ Թոմաս Ռայթը:

«Շատ ավելի բարդ կլինի Թրամփի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Թրամփը մանեւրելու համար ընդարձակ տարածություն չունի Կրեմլի հետ նրա ընտանիքի անդամների, խորհրդականների եւ աշխատակազմի որոշ անդամների կասկածելի հարաբերությունների պատճառով: ԱՄՆ նախագահը ստիպված է ընտրել Պուտինի հետ առճակատման ուղեգիծը»:

«Թրամփը, ով հայրենիքում լուրջ խնդիրներ ունի, Սի Ցզինպինը, ով միջազգային քաղաքական ասպարեզում պահանջում է առաջատարի դերը, եւ Արեւմուտքի հետ բաց առճակատման մեջ գտնվող Կրեմլի ղեկավարը վտանգավոր համակցություն են»,-եզրափակում է պարբերականը: 

Աղբյուր՝ Kurier

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝