Թրամփը համաշխարհային առաջնորդությունը զիջում է Չինաստանին

240727084

«Այն շքեղության ֆոնին, որով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը շրջապատեց երկիր այցելած ամերիկացի գործընկերոջը՝ նախագահ Թրամփին, դժվար չէր նկատել, որ երկու առաջնորդ եւ երկու երկիր գնում են բացարձակ տարբեր ուղղություններով»,- The New York Times-ում գրում է Էնթոնի Ջ. Բլինկենը:

«Այն դեպքում, երբ Թրամփը տարված է պատեր կառուցելով, Սին զբաղված է կամուրջներ կառուցելով»,- նշում է հեղինակը:

«Հունվարին տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Սին Չինաստանը հռչակեց ազատ առեւտրի եւ գլոբալիզացիայի ջատագով: Նրա «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությունը ենթադրում է 1 տրիլիոն դոլարի ներդրում Ասիայի եւ Եվրոպայի միջեւ հաղորդակցության կարգավորման համար՝ ջրային, ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհների, ինչպես նաեւ կամուրջների միջոցով»,- ասվում է հոդվածում:

«Թրամփի աշխատակազմը նսեմացրեց ՄԱԿ-ի դերը, դուրս եկավ Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության համաձայնագրից, հրաժարվեց Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրից, փորձեց դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, հարցի տակ դրեց Ամերիկայի առանցքային կապերը Եվրոպայում եւ Ասիայում, նվազեցրեց Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ միջազգային առեւտրային համաձայնագրերի դերը եւ փորձեց փախստականների առջեւ փակել դռները»,- ասվում է հոդվածում:

«Իսկ ի՞նչ արեց պարոն Սին: Նա դարձավ առաջատար կլիմայի փոփոխության հարցերում, ներմուծեց համակարգ, որը լուծում է ԱՀԿ-ում առաջացած վեճերը, եւ ավելացրեց Չինաստանի մասնակցությունը Համաշխարհային բանկում եւ Արժույթի միջազգային հիմնադրամում: Չինաստանը հիմա համարվում է ՄԱԿ-ում խաղաղապահ գործողությունների բյուջեի առաջատար ներդրողներից մեկը: Բացի այդ, Սին հաստատակամորեն զբաղվում է Չինաստան համաշխարհային նշանավոր գիտնականների եւ նորարարների տեղափոխմամբ: Այդ ամենը վկայում է այն մասին, որ Չինաստանը կդառնա, Սիի խոսքերով, «նոր ընտրություն այլ երկրների համար», ինչպես նաեւ միջազգային կարգուկանոնի գլխավոր մրցավար, ինչը վաղուց ասոցացվում էր ԱՄՆ-ի հետ»,-գրում է հեղինակը:

«Այնուամենայնիվ, Չինաստանի զարգացման ճանապարհին կան համակարգային թերություններ՝ հսկայական պարտքը, աճող անհավասարությունը, տնտեսության դանդաղ աճը, պետական ձեռնարկությունների անարդյունավետությունը, անբարենպաստ կլիմայական պայմանները, ռեժիմի ճնշումները»:

«Սակայն Չինաստանի խնդիրները կարող են նշանակություն չունենալ համոզիչ այլընտրանքի բացակայության դեպքում: Ես երբեք խաղադրույք չէի անի ԱՄՆ-ի դեմ, սակայն եթե Թրամփի ղեկավարությամբ շարունակվի ազգայնամոլությունը, հովանավորչությունը, մեկուսացումը եւ այլատյացությունը, ապա չինական մոդելը կարող է գերակշռել»,- ենթադրում է հեղինակը:

«Այն ֆոնին, թե ինչպես է Թրամփը զիջում իր տեղը Չինաստանին, լիբերալ միջազգային կարգուկանոնը, որը սահմանվեց 20-րդ դարի երկրորդ կեսին, կարող է իր ճանապարհը զիջել ոչ լիբերալ կարգուկանոնին»,- եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝