Պարտադրված դաշինք, որն ամեն պահի կարող է կազմալուծվել

TurkeyRussiaIran

«Թուրքական բանակը մտել է Սիրիայի Իդլիբ նահանգ, որտեղ շարունակվում են մարտերը: Ռուսաստանի եւ Իրանի հետ միասին նախագահ Էրդողանը ցանկանում է հասնել հակամարտության «դեէսկալացիայի», սակայն այդ երեք խաղացողներն այլ նպատակներ եւս ունեն»,-DieWelt-ում գրում է Բորիս Կալնոկին:

«Սիրիական Իդլիբ նահանգը վերջին տարածաշրջանն է, որտեղ ընթանում է քաղաքացիական պատերազմը. այն ամբողջությամբ գտնվում է ապստամբների վերահսկողության տակ: Թուրքական բանակն Իդլիբ է մուտք գործել «Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինյալների ուղեկցությամբ: Այդ սունիական խմբավորումը, որը համարվում է «Ալ- Քաիդայի» մասնիկը, վաղուց է հույսը դրել Անկարայի աջակցության վրա»:

«Տվյալ գործողությունն իրականացվում է խաղաղապահ գործողությունների շրջանակում, որի պայմանները Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան քննարկել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այն նախատեսում է Սիրիայի այն շրջաններում, որտեղ ընթանում են ամենակատաղի մարտերը, դեէսկալացիայի մի քանի գոտիների ստեղծում: Խաղաղապահ գործողությունների պայմանների պահպանման երաշխավորները համարվում են երեք երկրները: Ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում Թուրքիան հրադադար է ապահովելու արեւմուտքում, իսկ Ռուսաստանը՝ Իդլիբ նահանգի արեւելքում»,- ասվում է հոդվածում:

«Սիրիացի քրդերը դուրս են մնացել պայմանավորվածության շրջանակներից. նրանք սկսված գործողությունը համարում են էթնիկական սկզբունքով Սիրիայի բաժանում: Ըստ էության, քրդերին դա չպետք է խանգարի: Սիրիայի հյուսիսում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածաշրջաններում նրանք էթնիկական սկզբունքով ստեղծել են քվազի-պետություն: Սակայն քրդական «ազգային ինքնապաշտպանության ստորաբաժանումները» (YPG), որոնք սերտորեն կապված են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ, դեմ են արտահայտվել Թուրքիային եւ նրա իրանական PJAK մասնաճյուղին: Իրանը եւ Թուրքիան քուրդ ապստամբներին ահաբեկիչներ են համարում եւ չեն պատրաստվում նրանց հետ բանակցել»:

«Բացի այդ, Աստանայում ձեռք բերված համաձայնագրում հաշվի չեն առնվել նաեւ ԱՄՆ-ի շահերը: Երեք խաղացողների շահերը նույնպես հակասական են: Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության նվազման եւ սեփական ազդեցության ոլորտների ընդլայնման կողմնակից են: Սակայն հենց այդ հարցում նրանց դիրքորոշումները մասամբ չեն համընկնում: Ռուսաստանը եւ Իրանը սիրիացի բռնապետ Ասադի ամենամոտ դաշնակիցներն են: Էրդողանը, ընդհակառակը, արդեն երկար տարիներ փորձում է տապալել նրան: Իրանը եւ Թուրքիան քրդերին որպես թշնամիներ են ընդունում: Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինն աջակցում է Ասադին, մասնավորապես, որովհետեւ ցանկանում է պաշտպանել Տարտուս ռազմածովային բազան: Իրանն օգնում է բռնապետին որպես ռազմավարական գործընկերոջ, այսպես կոչված, շիական համայնքում»:

«Անկարան ցանկանում է ամրապնդել սունի մեծամասնության դիրքերը եւ սահմանափակել Իրանի ազդեցությունը: Էրդողանը նաեւ հույս ունի, որ որոշիչ դեր է ունենալու Ասադի իրավահաջորդին ընտրելու ժամանակ: Այլ խոսքերով, դա պարտադրված դաշինք է, որն ամեն պահի կարող է կազմալուծվել»:

Աղբյուր՝ DieWelt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝