Ինչու են փոքր Կատալոնիայի անկախանալու շանսերը

1311106630

Մի խումբ փորձագետներ կարծիք են հայտնել, թե ինչու են միջազգային նորմերին եւ եվրոպական իրավունքին հակասում Կատալոնիայի անկախանալու ծրագրերը, հաղորդում է Deutsche Welle-ն:

Յուրաքանչյուր ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենսդրության կարեւորագույն սկզբունքներից է, ինչպես նաեւ յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականության իրավունքը: Եվ եթե Կատալոնիայի անկախության կողմնակիցների համար առանցքային դեր է խաղում առաջին սկզբունքը, ապա Մադրիդի կենտրոնական կառավարությունը, ընդհակառակը, հենվում է երկրորդ սկզբունքի վրա:

Միջազգային իրավունքի նորմերով չի նախատեսվում որեւէ պետության տարածքի բաժանման հնարավորություն, եթե երկու կողմերն էլ համաձայն չեն դրան: Կատալոնիայի եւ Իսպանիայի իշխանությունների միջեւ նման համաձայնություն չկա:

Անկախություն պահանջելու համար պետք է ազգություն լինել

Նոր պետությունների ձեւավորման ընթացքը միշտ չէ, որ լուրջ տարաձայնություններ է առաջացրել: Օրինակ, 1992թ.-ին Չեխոսլովակիայի տրոհումը երկու անկախ պետությունների՝ Չեխիայի եւ Սլովակիայի, եղել է փոխադարձ համաձայնությամբ: Պատահական չէ, որ այդ գործընթացն անվանել են «թավշյա ամուսնալուծություն»: 1950-60-ական թվականներին Աֆրիկայի ժողովուրդների անկախության համար պայքարը բախվեց գաղութարար տերությունների դիմադրությանը: Սակայն այդ դեպքում առաջնային դեր խաղաց ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը:

Կատալոնիայի դեպքում այդ սկզբունքը չի գործում: «Ազգի ինքնորոշման իրավունքը ենթադրում է, որ գոյություն ունի ազգություն, որը կարող է հիմնվել այդ սկզբունքի վրա»,- նշում է Բոննի համալսարանի պրոֆեսոր Շտեֆան Տալմոնը: Նրա խոսքերով, միատարր պետության բնակչության մի մասը, եթե անգամ ունենա որոշակի ազգային ինքնություն, միջազգային իրավունքի տեսանկյունից ազգություն չի հանդիսանում եւ չի կարող հավակնել ինքնորոշման:

Հենց այդ սկզբունքով պայմանավորված, օրինակ, Բավարիան չի կարող առանձնանալ Գերմանիայից: Առանձին ազգություն չեն համարվում նաեւ Կոսովոյի ալբանացիները: 2008թ.-ին կոսովցիները հռչակեցին իրենց անկախությունը Սերբիայից, սակայն Կոսովոյի միջազգային իրավական կարգավիճակը դեռեւս հստակ չէ: Այսօրվա դրությամբ ՄԱԿ-ի անդամ շուրջ 200 պետությունների մեծ մասը ճանաչում է Կոսովոյի անկախությունը: Իսպանիան դրանց թվում չէ: Պաշտոնական Մադրիդը միշտ մտավախություն է ունեցել, որ այդ երկրամասի անկախության ճանաչումը կարող է նախադեպ դառնալ Կատալոնիայի համար:

Ինչ է հաստատում միջազգային իրավունքը

«Կատալոնիայի անկախանալու պնդումները հիմնավորված չեն ոչ իսպանական սահմանադրությամբ, ոչ էլ միջազգային իրավունքով»,-հայտնում է պրոֆեսոր Տալմոնը: «Տարածաշրջանն առանձին պետություն հռչակելը հակասում է սահմանադրական իրավունքի նորմերին, իսկ Կատալոնիայի կարգավիճակը որպես ինքնավարություն հակասում է միջազգային իրավունքին»,-ավելացնում է փորձագետ Սաբինե Ռիդելը:   «Եթե մենք կասկածի տակ դնենք պետությունների միջեւ կնքված պայմանագրերը, նոր հակամարտություններ կծագեն, հետեւաբար հնարավոր է, որ Եվրոպայում կրկին պատերազմ սկսվի»,-կարծիք է հայտնում փորձագետը:

«Շոտլանդիան, որտեղ 2014թ.-ին անկախության հանրաքվե անցկացվեց, բոլորովին այլ օրինակ է: Քվեարկությունն անցկացվեց պաշտոնական Լոնդոնի համաձայնությամբ: Այդ ժամանակվա կառավարության ղեկավար Դեյվիդ Քեմերոնը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան կհարգի եւ կընդունի հանրաքվեի արդյունքները, եթե անգամ դա հանգեցնի Շոտլանդիայի առանձնանալուն: Շոտլանդական հանրաքվեի մասնակիցների շուրջ 55 տոկոսը դեմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն»,-պատմում է Եվրոպական քաղաքականության ուսուցման կենտրոնի փորձագետ Սթիվեն Բլոքմանսը:

Կատալոնիան դժվար թե դառնա Եվրամիության անդամ 

Իսպանիայից Կատալոնիայի առանձնացումը վիճահարույց է նաեւ Եվրոպական միության իրավունքի տեսանկյունից: Այսպես, համաձայն Եվրամիության մասին պայմանագրի 4-րդ հոդվածի, «Միությունը հարգում է պետության հիմնական գործառույթները, հատկապես նրանք, որոնք ուղղված են տարածքային ամբողջականության ապահովմանը»:

Կատալոնական կառավարության արտաքին գործերի բաժնի ղեկավար Ռաուլ Ռոմեվան կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը կարող է ընդլայնվել: «Դա պրագմատիկ եւ դինամիկ նախագիծ է, որը հարմարվում է իրականությանը»,-նշում է Ռոմեվան:

Սակայն Բրյուսելում բազմիցս հայտարարել են, որ Իսպանիայի կազմից դուրս գալով Կատալոնիան ավտոմատ կերպով չի դառնա Եվրամիության անդամ: «Կատալոնիան չի կարող դառնալ ԵՄ անդամ քվեարկության հաջորդ լուսաբացին»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Նա ընդգծել էր, որ Կատալոնիան անկախություն հռչակելուց հետո պետք է ԵՄ կազմում ընդգրկվելու հայտ ներկայացնի: Առանձնացած տարածաշրջանը նաեւ չի կարող շրջանառել եվրոն  եւ կկորցնի մուտքը դեպի Եվրամիության ներքին շուկա:  

Միեւնույն ժամանակ, որպեսզի արգելափակվի Կատալոնիայի մուտքը Եվրամիություն, բավարար կլինի, եթե դեմ արտահայտվի ԵՄ կազմում գտնվող նույնիսկ մեկ պետություն: Կասկած չկա, որ Իսպանիան դեմ կքվեարկի: Իսպանիային կարող են միանալ նաեւ այլ պետություններ, որտեղ եւս մտավախություն ունեն, որ Կատալոնիայի օրինակը նախադեպ կդառնա: Դա նշանակում է, որ ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական առումով Բարսելոնի անջատողականների անկախ պետություն ստեղծելու շանսերը շատ փոքր են:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝