Մինչեւ 2050թ.-ը Եվրոպայում մուսուլմանների թիվը կարող է եռապատկվել

20131113_MUSLIMS_LONDON_ENGLAND_largeb

«Առաջիկա տարիներին Եվրոպայում մուսուլմանների թիվը զգալիորեն կավելանա, հնարավոր է, մի քանի անգամ: Նման կանխատեսում են արել   Pew Research Center վերլուծական հիմնադրամի մասնագետները»,-հաղորդում է գերմանական Die Welt պարբերականը:

«Հետազոտության հեղինակները դիտարկել են 3 հնարավոր սցենար: Առաջին սցենարի համաձայն, այսպես կոչված, «զրոյական միգրացիայի» դեպքում եվրոպական բոլոր 30 երկրներում մահմեդական բնակչության թիվը կաճի 4,9-7,4%-ով, Գերմանիայում՝ 6,1-8,7%-ով: Բանն այն է, որ Եվրոպա ժամանած մուսուլմանները, ովքեր միջինը 13 տարով երիտասարդ են տեղաբնակներից, ծնելիության ավելի բարձր ցուցանիշներ են ապահովում»:

«Երկրորդ սցենարով դիտարկվել են «չափավոր միգրացիայի» հետեւանքները: Այն դեպքում, եթե Եվրոպա չթողնեն փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց, եւ մուտքի իրավունք ունենան միայն ուսանողական եւ աշխատանքային վիզաներ ունեցողները, Եվրոպայում մուսուլմանների թիվը կկրկնապատկվի՝ աճելով 11%-ով»:

«Երրորդ սցենարը վերաբերում է «միգրացիայի բարձր մակարդակին»: Միգրացիոն մեծ հոսքի դեպքում, օրինակ, ինչպիսին արձանագրվեց 2014-2016թ.թ.-ին, Եվրոպայում 3 անգամ կավելանա մահմեդականների թիվը»:

«Թվերը եւ կոնկրետ մոդելները համարվում են «տեսականորեն հնարավոր», սակայն դա չի նշանակում մուսուլմանական մեծամասնության ձեւավորում՝ «Եվրոպայի իսլամիզացիա»՝ ծայրահեղ դեպքում մինչեւ դարի կեսերը»,-նշվում է հոդվածում:

«Ըստ հետազոտողների, մեկ այլ ակնհայտ միտում է եվրոպական հասարակության ծերացումը եւ թվի նվազումը: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան, Խորվաթիան եւ Պորտուգալիան, միգրացիոն հոսքի մակարդակը կմնա ցածր: Դա կապված է կամ իշխանությունների ձեռնարկած համապատասխան միջոցների, կամ միգրանտների համար այդ երկրների սոցիալ-տնտեսական համակարգի գրավչության ցածր մակարդակի հետ»: 

«Հասարակության մեջ համատեղ կեցության բնականոն ընթացքի համար վճռորոշ գործոն է ոչ թե կրոնական պատկանելությունը, այլ համատեղ արժեքների շուրջ համաձայնության պատրաստակամությունը ժողովրդավարության եւ իրավական պետության ոգով»,-եզրափակում է գերմանական պարբերականը:

 

Աղբյուր՝ Die Welt 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝