«Նախագահ Պուտինի ծննդյան օրն այս տարի պետք է անցկացնել առանց Ալեքսեյ Նավալնիի»

navalni

«Այն պահից, երբ անցած տարվա դեկտեմբերին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնեց նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, նա բանտում է անցկացրել գրեթե ամեն հինգերորդ օրը,- հաշվարկել է Sueddeutsche Zeitung-ի մոսկովյան թղթակից Յուլիան Հանսը: -Սակայն նա չի կոտրվել»,- ավելացնում է հեղինակը:

«Նախագահ Պուտինի ծննդյան օրն այս տարի պետք է անցկացնել առանց Ալեքսեյ Նավալնիի,- հեգնում է Հանսը: -Դատարանն ընդդիմադիր գործիչին դատապարտել է 20-օրյա կալանքի: Այս անգամ խոսքը Նիժնի Նովգորոդում բողոքի ցույցերի մասին է, որի թույլտվությունը վերջին պահին տեղի իշխանությունը ետ է վերցրել: Նավալնին հայտնել է, որ հավաքների մասին օրենքը դա չի նախատեսում, եւ չի չեղարկել ծրագրված միջոցառումը: Դատարանը դա անթույլատրելի ցույցի կոչ է համարել: Նրա նախընտրական շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը նույնպես 20 օր բանտախցում կանցկացնի»,- հայտնում է հեղինակը:

Այս շաբաթ Նավալնին ցույց է նախատեսել Սանկտ Պետերբուրգում: «Ամեն ինչ տանում էր նրան, որ Նավալնիի գլխավորությամբ ցույցերի շարքը հասնելու էր գագաթնակետին նախագահի հայրենի քաղաքում, ում 65-ամյակը հենց այդ օրը լրանում է: Վերջին շաբաթներին հազարավոր մարդիկ Նովոսիբիրսկից, Վլադիվոստոկից, Խաբարովսկից, Օրենբուրգից եւ Արխանգելսկից եկել են լսելու Նավալնիին՝ իրենց դժգոհությունը հայտնելով կաշառակերության եւ լճացման հետ կապված»,- ասվում է հոդվածում:

«Միլիոնավոր մարդիկ նայել են Youtube-ում տեղադրած իր տեսագրությունները, որտեղ նա բացահայտում է իշխանության ներկայացուցիչների  հարստությունը, կաշառակերությունը եւ մսխումը: Պետության ենթակայության տակ գտնվող հեռուստաընկերությունում Նավալնիի մասին չեն հիշատակում, այնուամենայնիվ, նրա անունը գիտի երկրի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին: Պաշտոնապես նա չի կարող մասնակցել ընտրություններին պայմանական կալանքի պատճառով, այդ հարցում ոչ մի բան չի կարող փոխել  մարդու իրավունքների Եվրոպական դատարանը՝ դատապարտելով արգելքը: Սակայն եթե նա հավաքի մեկ միլիոն ստորագրություն, Կրեմլը չի կարողանա նրան մերժել մասնակցելու ընտրություններին՝ բողոքի ցույցերի ավելի մեծ ալիքի չբախվելու մտավախությամբ»,- եզրափակում է Հանսը:

Աղբյուր՝ inopressa.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝