Պուտին-Էրդողան. երբ սիրո մեջ այլ ծրագիր է թաքնված

266097-INNERRESIZED600-600-cms-image-000023136

«Ռուսաստանը եւ Թուրքիան շարունակում են բարելավել հարաբերությունները: Դա հստակ ազդանշան է, եւ Արեւմուտքը, համապատասխանաբար, ահազանգում է: Սակայն այդ համագործակցությունը նույնպես ունի իր սահմանները»,- գրում է Der Spiegel-ի լրագրող Մաքսիմիլան Պոպը:

«Թուրք-սիրիական սահմանին ռուսաստանյան ինքնաթիռը խոցելու դեպքից, երկկողմ հարաբերություններում լարված ժամանակաշրջանից  եւ դրան հաջորդած Էրդողանի ներողություններից հետո ռուս-թուրքական հարաբերությունները զարմանալի փոփոխությունների ենթարկվեցին: Թուրքիայի նախագահը Ռուսաստանի հետ մերձենալու ուղիներ է փնտրում, Էրդողանն այցելում է Մոսկվա եւ ռուսաստանցի իր գործընկերոջն անվանում «իմ սիրելի ընկեր Վլադիմիր»»,- գրում է հեղինակը:

«Իսկ Պուտինը գնաց Անկարա: Հանդիպման օրակարգի թեմաներն էին Սիրիայի պատերազմը, Հյուսիսային Իրաքում անկախության հանրաքվեն եւ տնտեսական հարցեր: Եվրոպայի եւ ԱՄՆ-ի քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ Թուրքիան կարող է ավելի շատ հեռանալ  Արեւմուտքից եւ շրջվել Ռուսաստանի կողմը»:

«Եթե ինքնաթիռի հետ կապված դեպքից հետո Բարաք Օբաման կոչ արեց թուլացնել լարվածությունը, ապա տեղեկությունից հետո, որ Անկարան Մոսկվայից գնել է С-400 զենիթահրթիռային համակարգեր, արեւմուտքի քաղաքական գործիչները սկսեցին ահազանգել: Պաշտոնական տվյալներով, համակարգերը կարող են անհամատեղելի լինել ՆԱՏՕ-ի սարքավորումների հետ, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում աճում է անհանգստությունը կապված այն հանգամանքի հետ, որ Թուրքիան կարող սկզբունքորեն հրաժարվել դաշինքի անդամակցությունից»,-գրում է լրագրողը:

«Թուրքիայի եւ Արեւմուտքի հարաբերություններում արդեն վաղուց ճգնաժամ է: ՆԱՏՕ-ի անդամ երկրները դժգոհ են Էրդողանի ավտորիտար ոճից, իսկ Թուրքիայի նախագահը դաշինքի իր գործընկերներին մեղադրում է Անկարայի թշնամիներին աջակցելու մեջ: Խոսքը «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ծայրահեղականների եւ իսլամիստների կողմնակիցների մասին է, ովքեր համախմբվել են Գյուլենի շուրջը, ում Էրդողանը մեղադրում է անցած տարվա հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի մեջ»,- փոխանցում է Պոպը:

«Էրդողանն արագացնում է Ռուսաստանի հետ մերձենալու գործընթացը նախեւառաջ ռազմավարական նկատառումներից ելնելով: Նա ցանկանում է ցույց տալ ամերիկացիներին եւ եվրոպացիներին, որ կախված չէ նրանց բարեհաճությունից, որ եթե ինչ որ բան լինի, Թուրքիան ուրիշ գործընկերներ էլ ունի: Բացի այդ, նա ենթադրում է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը լավագույն կերպով ազդում է Սիրիայում իր երկրի շահերի վրա: Հիմա նրա համար ամենակարեւորն այն է, որ Սիրիայում թույլ չտա քրդական պետության ձեւավորումը»:

«Սակայն Պուտինի եւ Էրդողանի համագործակցությունն ունի սահմանափակումներ: Քրդերի նկատմամբ ռուսաստանցիների դիրքորոշումը չի կարելի միանշանակ համարել: Մոսկվայում շատերը քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատներին համարում են գործընկեր Սիրիայում իսլամիստների դեմ պայքարելու համար: Բաց է մնում այն հարցը, թե ինչպես են ընթանալու մարտերը Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքների համար, որոնք մինչեւ հիմա շրջափակված են ապստամբների կողմից: Ռուսաստանը նախապատրաստում է լայնածավալ հարձակում Իդլիբ նահանգի վրա, որտեղ դիմադրություն ցուցաբերող որոշ խմբերի աջակցում է Թուրքիան»:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝