Մարսելում բացվել է չճանաչված Դոնեցկի հանրապետության հյուպատոսությունը

XVM7222aeb2-a43b-11e7-b619-f944cd28c6f6

«Ռուսամետ անջատողական հանրապետութունը, ինքնահռչակված 2014թ.-ի մայիսին Ուկրաինայի արեւելքում, այժմ  ներկայացուցչություն ունի Մարսելում, որը չի ճանաչվում Ֆրանսիայի ԱԳ նախարարության կողմից»,- Le Figaro-ում գրում է Մարկ դը  Բոնին:

«Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը, որն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ազդեցության պայքարի գոտի է համարվում, գայթակղիչ է ծայրահեղ աջակողմյանների մի մասի համար՝ 80-90-ական թվականների Լիբանանի եւ Սերբիայի նման: Այդ անջատողական հանրապետության երկրպագուները, ովքեր հռչակեցին իրենց անկախությունն ուկրաինական հակամարտության թեժ պահին, այժմ ներկայացուցչություն կունենան Ֆրանսիայում: «Հյուպատոսարանը» նույնպես ինքնահռչակ է համարվում, քանի Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը չի ճանաչում այդ «հանրապետությունը»: Դրա հիմնադիրը պնդում է, որ համաձայնություն է ստացել Դոնբասի իշխանությունների կողմից»:

«Այդ արտասովոր ծրագրի ղեկավարն «Ազգային ճակատի» նախկին գործիչ Յուբեր Ֆայարն է: Մարսելում դիվանագիտական ներկայացուցչության բացմանը ներկա է եղել նաեւ անջատողական հանրապետության «պատվավոր քաղաքացի» Ժակ Կլոստերմանը: Մարին Լը Պենի աջակցությամբ Վիտրոլ քաղաքում լինելով թեկնածու խորհրդարանական ընտրությունների ժամանակ,  այդ ծայրահեղ աջակողմյան գործիչը հեռացավ «Ազգային ճակատից» խորհրդարանական ընտրությունների նախօրեին: 2016թ.-ի հունվարին Ժակ Կլոստերմանը կազմակերպել է ֆրանսիացի պատվիրակների այցը Դոնբաս»,-գրում է դը Բոնին:

«Դոնբասը գրավում է ծայրահեղ աջակողմյանների եվրոպացի բազմաթիվ ներկայացուցիչների: Այսպես, Les Brigandes երաժշտական խումբն այցելել էր հակամարտության գոտի: Դոնեցկն իր ենթակայության տակ ունի նաեւ ֆրանսիացի աշխատակից Քրիստին Նեանին, ով նպաստում է նման այցելությունների կազմակերպմանը»,- նշում է հեղինակը:

«Յուբեր Ֆայարը պնդում է, որ իր ծրագիրն ամենեւին էլ արտասովոր չէ: Նմանատիպ ներկայացուցչություններ գոյություն ունեն նաեւ Իտալիայում եւ Հունաստանում: Ինչ վերաբերում է Ուկրաինայի իշխանություններին, ապա նրանք այդ հարցին շատ լուրջ վերաբերվեցին: Ուկրաինայի դեսպանատունն արդեն ուղարկել է իր երկու ռազմական կցորդներին»:

Աղբյուր՝ Le Figaro

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝