Հյուսիսային Կորեան եւ «չուչխեի» միջուկային ռումբերը

Снимок

«Հյուսիսային Կորեայի մասին տարբեր կերպ են արտահայտվում. «Կոմունիստական» պետություն, «սառը պատերազմի մնացուկ», «վերադարձ դեպի ստալինիզմ»: Պատկերագրությունը եւ մայրաքաղաք Փխենյանում հսկայական ռազմական շքերթները հստակ հիշեցնում են խորհրդային իշխանության ցույցերը»,- Newsweek-ում գրում է Թոմ Փորթերը: –Սակայն փորձագետները պնդում են, որ դա սխալ է: Հյուսիսային Կորեան հրաժարվել է կոմունիզմից տասնյակ տարիներ առաջ, եւ այն, որ ԱՄՆ-ում չեն հասկանում ռեժիմի ղեկավարների ճշմարիտ հավատալիքները եւ արժեքները, կարող է աղետալի հետեւանքներ ունենալ»:

«Այս պետության պաշտոնական գաղափարախոսությունը կոչվում է «չուչխե»: Այս չինա-կորեական բառն օգտագործվում է ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային Կորեայում եւ թարգմանվում է այսպես. «անկախություն կամ սուբյեկտի անկախ վիճակ»»,- հայտնում է փորձագետ Օուեն Միլերը:

«Հյուսիսկորեական սահմանադրությունը «չուչխեն» սրբություն է հռչակում: Այդ հասկացությունը բացատրվում է հազարավոր քարոզչական տեքստերում եւ գրքերում: Ուսուցիչներն աշակերտներին պատմում են այդ գաղափարախոսության մասին դեռեւս վաղ տարիքից»,- ասվում է հոդվածում:

«Սեպտեմբերյան հայտարարությունում, որտեղ Փխենյանը սպառնացել է ոչնչացնել Ճապոնիան, հյուսիսկորեական միջուկային ծրագիրն անվանել են «չուչխեի դրսեւորում»»,- հիշեցնում է լրագրողը:

«Ճապոնական արշիպելագի չորս կղզի պետք է խորտակվեն ծովում «չուչխեի» միջուկային ռումբով»,- ասվում է հյուսիսկորեական կառավարության հայտարարությունում:

«Դիտորդների խոսքերով՝ Թրամփի վերջին սպառնալիքները Հյուսիսային Կորեայի հասցեին պարզապես Միացյալ Նահանգների կողմից այդ երկրի համակարգի թյուրըմբռնման դրսեւորում են»,- նշում է Փորթերը:

«Օրինակ, անընդհատ հնչում է այն միտքը, որ Հյուսիսային Կորեան Չինաստանի հաճախորդ-պետությունն է, իսկ դա բացարձակ սխալ է,- նշում է Միլերը: -Այն շատ է կախված Չինաստանից, սակայն հաճախորդ-պետություն չէ, ոչ էլ քաղաքական մակարդակում: Ամերիկայի այն միտքը, որ Չինաստանը կկարողանա լուծել այդ խնդիրը, պարզապես հիմարություն է, անկեղծ ասած»:

Աղբյուր՝ Newsweek

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝