Քրդերն ասում են, որ իրենք լեռներից բացի ընկերներ չունեն. հիմա նրանք Իսրայել ունեն

_97846327_3a1f3a8d-1c9f-4ab9-8264-9cb448df19c3

«Իսրայելական սպիտակ-կապույտ դրոշները դարձել են սովորական երեւույթ Քուրդիստանի տարածաշրջանային կենտրոնում՝ Էրբիլում,- The Washington Post թերթում գրում են Լավդեյ Մորիսը եւ Թամեր էլ- Գոբաշին: -Որոշ քրդեր դրոշները տեղադրում են իրենց մեքենաների վրա: Ոմանք ոգեւորված դրանք թափահարում էին անկախության հանրաքվեից առաջ անցկացված ցույցերի ժամանակ»:

«Քվեարկության նախօրեին Իսրայելն ակտիվորեն ելույթ էր ունենում հօգուտ քրդերի անկախության, եւ զարմանալի էր հետեւել այդ պատկերին տարածաշրջանում, որտեղ հաճախ կարելի էր տեսնել, թե ինչպես են իսրայելական դրոշները ոտնատակ գցում կամ այրում,- նշում են հեղինակները: -Դա հակափաստարկ է հանրաքվեի հակառակորդների համար, ովքեր պնդում են, որ Իսրայելը դավադրություն է կազմակերպել Իրաքի պառակտման նպատակով»:

«Հին քրդական ասացվածքն այն մասին, որ «քրդերը լեռներից բացի ընկերներ չունեն», բավականին խելամիտ էր հնչում հանրաքվեից առաջ. նույնիսկ Իրաքյան Քուրդիստանի վաղեմի կողմնակիցները հայտնել են նրանց դեմ լինելու մասին»,- ասվում է հոդվածում:

«Սակայն Իսրայելն անկեղծ աջակցություն է հայտնել, ամեն դեպքում, այդպես էր մինչեւ վերջերս, – հայտնում են լրագրողները: -Պատմականորեն Իսրայելը ջերմ հարաբերություններ է պահպանում քրդերի հետ թշնամիներով լի տարածաշրջանում: Իսրայելցի քաղաքական գործիչներն ասում են, որ բնական կապ են զգում քրդերի հետ, ովքեր ամեն գնով պայքարում են հանուն հայրենիքի»:

«Ավելի վաղ աջակցություն հայտնելով՝  վարչապետ Բինիամին Նեթանյահուն հիմա ցուցումներ է տվել իր նախարարներին խուսափել հանրաքվեի վերաբերյալ հրապարակային մեկնաբանություններ տալուց: Քրդերի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները խորն արմատներ ունեն: Քուրդիստանի հրեաներն ասում են, որ իրենք իսրայելական Վենիամին ցեղից են ծագել. վենիամինները եկել են այդ տարածաշրջան մ.թ.ա 8-րդ դարում: Հիմա Իսրայելում կան ավելի քան 200 հազար քուրդ-հրեաներ»:

«Իսրայելի համար Քուրդիստանին աջակցելը կապված է վաղեմի արտաքին քաղաքական ռազմավարության հետ,- շարունակում է թերթը: -1948թ.-ին անկախության հռչակումից հետո թշնամական տարածաշրջանում մեկուսանալով՝ Իսրայելը փորձեց միություններ ձեւավորել ոչ արաբ բնակչության եւ Մերձավոր Արեւելքի փոքրամասնությունների հետ»:

«Սակայն, ինչպես իսրայելցիները, քրդերը նույնպես մեկուսացած են իրենց քվեարկության լույսի ներքո: Իրաքը եւ Թուրքիան ակնարկել են ռազմական գործողությունների մասին: Թուրքիան սպառնացել է արգելափակել Քուրդիստանի նավթամուղը: Իրանը դադարեցրել է թռիչքները»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝