Հեռախոսային ահաբեկչությունն անհանգստացնում է Ռուսաստանին

detail_92c0c5c9e8db7c7b674923f4a0d5232f

«Արդեն ավելի քան երկու շաբաթ ռուսաստանցիներին անհանգստացնում է հեռախոսային ահաբեկչության ալիքը՝ հանգեցնելով զանգվածային տարհանումների. հեռախոսի միջոցով համակարգչային ձայնը հայտնում է պայթուցիկ սարքերի մասին, որոնք իրականում գոյություն չունեն»,- գերմանական Der Spiegel թերթում գրում է Քրիստինա Հեբելը:

«Նման դեպք առաջին անգամ տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին Վլադիվոստոկում, Սախալինում եւ Մագադանում, այնուհետեւ Օմսկում, որտեղ իբր թե պայթուցիկները դրված են եղել քաղաքապետարանում եւ այլ պետական հաստատություններում, դպրոցներում, կինոթատրոններում եւ հյուրանոցներում: Ավելի ուշ նույնը կրկնվեց Պերմում եւ Եկատերինբուրգում եւ վերջիվերջո Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում»:

«Առաջին 10 օրերին նմանատիպ զանգեր հնչել են ավելի քան 30 քաղաքներում, ինչի արդյունքում տարհանվել է ավելի քան 220 հազար մարդ, իսկ գումարային վնասը կազմել է մոտավորապես 4,3 մլն եվրո: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ երեւույթն անվանել է «հեռախոսային ահաբեկչություն»: Հատուկ ծառայությունները հետաքննություն են անցկացնում, եւ զանգահարողներն արդեն ձերբակալված են: Չնայած այդ ամենին՝ սպառնալիքները չեն դադարում»:

Լրագրողը մեկնաբանում է. «Որքան երկար շարունակվեն նմանատիպ զանգերը, այնքան մեծ կլինի իշխանությունների եւ քաղաքացիների կողմից այն անտեսելու վտանգը: Բոլորը կսկսեն մտածել, որ ոչինչ էլ չի պատահի: Գոյություն ունի 5 տեսություն: Առաջինն այն տարբերակն էր, որ հեռախոսազանգերը համարվում են քաղաքացիական պաշտպանության զորավարժությունների մի մասը եւ կազմակերպված են հատուկ ծառայությունների կողմից: Պուտինը դեռեւս հունիսին պահանջել էր Ռուսաստանում ուժեղացնել քաղաքացիական պաշտպանության համակարգը»:

«Ավելի ուշ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել են, որ զանգերը ստանում են Ուկրաինայի տարածքից ուկրաինացի ազգայնականների կողմից: Կիեւում, որտեղ Ղրիմի անեքսիայից եւ Դոնբասի պատերազմից հետո նույնպես հաճախ տեղեկություններ են տարածվում պայթուցիկ սարքերի մասին, նույնպես ընդունված է մեղադրել Մոսկվային կամ ռուսամետ անջատողականներին: Կա տեսակետ, որ սպառնալիքների ետեւում կանգնած է «Իսլամական պետությունը»: Սակայն ռուսաստանցի փորձագետները կասկածով են վերաբերվում այդ տարբերակին. «Ինչո՞ւ պետք է ԻՊ-ի համախոհներն օրերով պարզապես վախեցնեին, եթե նրանք կարող են ահաբեկչություն իրականացնել առանց զգուշացնելու, ինչպես, օրինակ, Սուրգուտում, որտեղ ահաբեկիչը բղավեց «Ալլահ Աքբար» եւ դանակով հարձակվեց անցորդների վրա»:

«Անցած շաբաթ առաջ է քաշվել նաեւ չորրորդ տարբերակը, այն, որ այդ գործում կարող են ներգրավված լինել ծայրահեղ ուղղափառ քրիստոնյաները: «Քրիստոնեկան պետություն – Սուրբ Ռուսիա» ծայրահեղական շարժման առաջնորդ Ալեքսանդր Կալինինը հայտնել է, որ զանգերը կարող են կապված լինել «Մաթիլդա» ֆիլմի ցուցադրության դեմ ցույցերի հետ: Այդ ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի  հասցեին հնչեցրած սպառնալիքներից հետո Կալինինին ձերբակալել են: Ֆիլմում խոսքը գնում է ռուս կայսեր եւ բալետի լեհ պարուհու սիրավեպի մասին, ինչը մեղք է համարվում մոլեռանդ հավատացյալների համար, քանի որ Նիկոլայ 2-րդը Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու կողմից սուրբ է հռչակվել: Եվ վերջապես, հինգերորդ տարբերակը. հեռախոսազանգերը կարող էր կազմակերպել Բրյուսելում գործող միջազգային հաքերային խումբը, որպեսզի շանտաժի միջոցով գումար ստանան ՌԴ կառավարությունից»,- փոխանցում է լրագրողը:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝