Խաչի եւ կիսալուսնի միջեւ. ինչու եզդիները չեն ուզում Քուրդիստանի անկախացումը

222347889

Երբ հայտարարվեց, որ Քուրդիստանի անկախության հարցով հանրաքվեին Իրաքում մասնակցելու են ոչ միայն ինքնավարության, այլեւ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների՝ այդ թվում եզդիական Սինջարի (Շանգալ) բնակիչները, այդ տեղեկությունը շոկի ենթարկեց իրաքյան էթնիկ փոքրամասնությանը՝ եզդիներին: Իրենց հարյուրամյակներով կեղեքած եւ կոտորած մուսուլմանների իշխանության տակ հայտնվելու հեռանկարը եզդիներին ստիպել էր օգոստոսի 20-ին հռչակել Սինջարի ինքնավարությունն Իրաքյան Քուրդիստանում:

«Քուրդիստանում բնակվող մեր ազգի ներկայացուցիչները քիչ են՝ մի քանի հազար մարդ: Շուրջ 1 մլն իրաքյան եզդիներ ապրում են Շանգալում, եւ հենց նրանք են դեմ քրդական հանրաքվեին: Մոտ 100 հզր շանգալցիներ «Իսլամական պետության» ահաբեկիչների ճիրաններից փախան Գերմանիա, եւս 230 հզր-ն ապաստան են գտել Քուրդիստանի տարածքում գտնվող վրանային ճամբարներում: Եվ քրդերը նրանց ստիպում են քվեարկել: Միթե՞ կարելի է նման պայմաններում հանրաքվե անցկացնել»,-հայտարարում է «Եզդիական կոնգրես» համառուսաստանյան կազմակերպության նախագահ Սամվել Քոչոյին:

Նրա խոսքերով, սինջարցի փախստականները դժգոհում են, որ քրդական իշխանությունները ճնշում են գործադրում եւ չեն թողնում վերադառնալ Շանգալում ահաբեկիչներից ազատագրված տարածքներում գտնվող իրենց տներ:

Եզդիական համայնքը դարերով տառապել է քրդերի հալածանքներից: Մեկ Աստծու հավատող քրիստոնյաներն ու հուդայականները մուսուլմանների կողմից ավելի ընկալելի են, քան եզդիները, որոնց համար սուրբ են համարվում բնական երեւույթները: Հենց դրանով էր պայմանավորված նրանց հալածանքների սկիզբը տարածաշրջանում իսլամի գերիշխանության հաստատումից հետո:  

Թեեւ եզդիների կրոնի հիմքում ընկած է միաստվածության գաղափարը, նրանց պանթեոնը համալրված է հրեշտակներով, որոնք սրբացվում են, նրանց են նվիրված մի շարք կրոնական տոներ ու ծիսակատարություններ: Պանթեոնն առաջինը համալրել են յոթ գլխավոր հրեշտակները՝ Տավուս Մալաքի գլխավորությամբ: Շատերը նրա եւ Լյուցիֆերի միջեւ զուգահեռներ են տանում, եւ եզդիներին սկսել են հետապնդել՝ մեղադրելով սատանային երկրպագելու մեջ:

Եզդիների եւ քրդերի գոյության պատմությունը լի է թշնամանքով եւ պատերազմներով: Երբ 2014թ.-ի օգոստոսին «Իսլամական պետության» ահաբեկիչները ներխուժեցին Սինջար, Բարզանիին ենթակա քրդական փեշմերգայի ռազմական ստորաբաժանումները պարզապես նահանջեցին՝ եզդիներին չպաշտպանելով ցեղասպանությունից:

Եզդիները մտավախություն ունեն, որ եթե իրենց նահանգն անցնի Բարզանիի վարչակազմի վերահսկողության տակ, քրդերը կշարունակեն հետապնդումները, եւ կարծում են, որ բազմազգ Իրաքի կազմում իրենք ավելի անվտանգ կլինեն:   

Քրդերի եւ եզդիների փոխադարձ թշնամանքն ի հայտ եկավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ եզդիները հարեցին Ռուսական կայսրությանը, իսկ մահմեդական քրդերը՝ Օսմանյան կայսրությանը: Այնուհետ նրանք միասին ակտիվորեն հալածանքների ենթարկեցին հայերին եւ ասորիներին՝ չմոռանալով նաեւ եզդիներին:  Քոչոյին պնդում է, որ քրդերն ու եզդիներն ազգակից էթնոս են, թեեւ եզդիների մեծամասնությունն այն համոզմունքն ունի, որ իրենք առանձին ժողովուրդ են: «Քրդական էթնոսը ձեւավորվել է նաեւ եզդիների հաշվին, ովքեր իսլամ են ընդունել»,-նշում է եզդի առաջնորդը:

Եզդիներն իրական եղբայրական ժողովուրդ են համարում հայերին, ովքեր նրանց ապաստան են տվել Խորհրդային Հայաստանի տարածքում: Այստեղ է, որ ձեւավորվեց բարձրագույն կրթություն ունեցող  եզդիների շերտը եւ բացվեցին եզդիերենի ուսուցմամբ դպրոցներ: Եվ ամենակարեւորը. այստեղ է Իրաքի սահմաններից դուրս առաջին եւ միակ եզդիական տաճարը:

Խորհրդային Միությունում եզդիներին պաշտոնապես անվանում էին քրդեր: «Սակայն մենք գիտեինք, որ եզդի ենք, եւ պահպանեցինք մեր լեզուն, ավանդույթներն ու սովորույթները»,-ասում է Քոչոյին:

Գլխավոր սրբավայրը պատմական բնօրրան Շանգալից 120 կմ հեռավորության վրա գտնվող Լալըշա Նուրանին է (Լուսապայծառ Լալեշ): 2014 թ.-ի օգոստոսի 3-ին սկսված ցեղասպանության հետևանքով տասնյակ սրբավայրեր պայթեցվեցին Շանգալի լեռնային հատվածում, Մահաթում, Շեյխանում, Բաադերում և այլուր: Լալըշա Նուրանին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն:

«Լալեշի տաճարը երկար ժամանակ եզդիների միակ սրբավայրն էր: Մեր ուսմունքը 12-րդ դարից հետո արգելում էր նոր տաճարների կառուցումը: Բարեբախտաբար, այդ արգելքը վերացվեց, եւ Իրաքից դուրս առաջին տաճարը հայտնվեց Հայաստանում: Հուսով ենք, որ շուտով նման տաճար կունենանք նաեւ Ռուսաստանում»,-նշում է «Եզդիական կոնգրեսի» նախագահը:

Ռուսաստանում այսօր ապրում է շուրջ 40 հզր եզդի, Հայաստանում՝ 65 հզր, Վրաստանում՝ 12 հզր:

«Մենք կապ ենք պահպանում Իրաքում բնակվող եզդիների հետ: Վերջերս նրանց ենք ուղարկել 100 հզր դոլար՝ մանկական պարագաներ, մթերք եւ ջուր ձեռք բերելու համար: Չենք մոռացել, որ 2014թ.-ին ահաբեկիչների հարձակման առաջին օրերին լեռներում ծարավից մահացան ավելի քան 200 մանկահասակ երեխաներ»,-պատմում է Քոչոյին:

Ըստ նրա, վերջին տարիներին սպանվել են ավելի քան 10 հզր եզդիներ, իսկ 8 հզր-ը ստրկության են մատնվել:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝