«Մենք չենք նահանջի». Կատալոնիայի կառավարության ղեկավար

KMO_088197_223749_1_t222_123856

«Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը լի է հոկտեմբերի 1-ին նշանակված անկախության հանրաքվեի արդյունքներն իրագործելու վճռականությամբ՝ անկախ դատական եւ ոստիկանական հետապնդումներից»,- գրում է Սանդրին Մորելը Le Monde հանդեսում:

Լրագրողը հարցազրույց է անցկացրել քաղաքական գործչի հետ:

«Վերջին խուզարկություններից, ձերբակալություններից եւ բռնագրավումներից հետո դուք կարո՞ղ եք կազմակերպել հանրաքվեն»,-հարց է ուղղել Մորելը:

«Բնականաբար, որոշումն ուժի մեջ է: Եվ կարեւորն այն է, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում քվեարկել: Մենք սպասում էինք իսպանական պետության կոշտ արձագանքին: Սակայն մենք չէինք ենթադրում, որ նրանք արտակարգ իրավիճակի ռեժիմ կսահմանեին եւ կդադարեցնեին ինքնավարությունը»,-հայտարարել է Պուչդեմոնը:

Կատալոնիայի ղեկավարը շարունակել է. «Մեր վճռականությունն ակնհայտ է, ինչպես եւ Կատալոնիայի ժողովրդի վճռականությունը: Մենք ցանկանում ենք քվեարկել, մենք կքվեարկենք եւ կիրագործենք մեր ծրագիրը»:

«Եթե դուք դիտարկում եք հնարավորությունը, որ Իսպանիան չի ճանաչի ձեր անկախությունը, ի՞նչ իմաստ ունի անկախության հռչակումը»,-հարցրել է լրագրողը:

«Նախադեպերը ցույց են տալիս, որ Եվրամիությունը համակերպվում է իրականության հետ, անգամ եթե դա նրանց դուր չի գալիս: Դա նրանց շահերից է բխում: Կատալոնացիների գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է մնալ Եվրամիության կազմում: Մենք հանդիսանում ենք եվրոպական բյուջեի մաքուր դոնոր, եւ այն, թե Կատալոնիան իրենից ինչ է ներկայացնում տնտեսական, սոցիալական, մշակութային եւ լոգիստիկ առումով, կարեւոր նշանակություն ունի: Այժմ ահաբեկման արշավ է գնում, սակայն դա չի գործի»,-նշել է Պուչդեմոնը:

«Դուք վախենու՞մ եք, որ ձեզ կձերբակալեն»,-հարց է ուղղել լրագրողը:

«Իսպանական կառավարության այդ հնարավորությունը մենք դիտարկում ենք: Դա կհաստատի իսպանական կառավարության  խելահեղ ռազմավարությունը: Մենք այդ ամենին պատրաստ ենք»,-հայտարարել է կատալոնացի գործիչը:

Աղբյուր՝ Le Monde

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝