Ռուսաստանյան ընդդիմությունը միայն Նավալնին չէ

a04764126eb64ed3093cf647d1db6f52

«Ռուսաստանյան ընդդիմությունը վերջերս շրջանային խորհուրդների ընտրությունների ժամանակ բավականին լուրջ միավորներ հավաքեց, ինչը ցույց տվեց, որ Մոսկվայի որոշ շրջաններ դուրս են եկել իշխանական կուսակցության վերահսկողության շրջանակից»,-շվեյցարական Le Temps հանդեսում գրում է ֆրանսիացի քաղաքագետ Օլիվյե Վեդրինը:

«Ռուսաստանում ընդդիմության տասնյակ խմբեր եւ խմբակցություններ կան: Նախագահական ընտրություններից 6 ամիս առաջ Կրեմլի դեմ ուրվագծվում է նոր գործող անձ՝ Դմիտրի Գուդկովը: Եվրոպացի քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ Ալեքսեյ Նավալնին չէ Պուտինի միակ հակառակորդը: Շատերը կարծում են, որ նա այն մարդը չի հանդիսանում, ով կարող է փոխել Ռուսաստանը, եւ որ նա կարող է վերափոխվել Պուտին-2-ի: Նավալնին իրականում հայտնի է որպես նախկին ծայրահեղ ազգայնական, ներգաղթյալների դեմ հանդես եկող նեոնացիստական շարժման «Ռուսական երթ»-երի կազմակերպիչ»:

«Նրա պայքարը կոռուպցիայի դեմ է: Երբ նա ներկայացավ որպես բլոգեր, սկսեց այնպիսի մեղադրանքներ հնչեցնել, որոնցից շատերը հետագայում պարզվեց, որ ստահոդ հորինվածքներ են»,-գրում է հեղինակը:

«Ամենաապշեցուցիչը Նավալնիի բանավեճն էր իր ընդդիմախոս Իգոր Գիրկինի (Ստրելկով) հետ՝ ապստամբների տխրահռչակ հրամանատարի, ով 2014թ.-ին ղեկավարում էր Ուկրաինա ներխուժած ռուսաստանյան զորքը, ով մեղադրվում է հազարավոր խաղաղ բնակիչների սպանության եւ MH17 չվերթի օդանավի աղետի գաղտնիքները կոծկելու մեջ: Նավալնին ԱԴԾ գնդապետին ոչ միայն հրաժարվեց անվանել ռազմական հանցագործ, ինչպիսին որ նա հանդիսանում է, այլեւ մտերմիկ զրուցում էր նրա քաղաքական ապագայի մասին՝ այդ թվում որպես Պետդումայի պատգամավորի»,-նշում է Օլիվյե Վեդրինը:

«Եթե ընտրեն Ալեքսեյ Նավալնիին, նա արգելք չի հանդիսանա Կրեմլի միջազգային քաղաքականության ընթացքին եւ կշարունակի Պուտինի քաղաքական ուղեգիծը: Նա արդեն հայտնել է, որ ինքը եւս կպահպաներ Ղրիմի օկուպացիան: Չունենալով իրական հստակ ծրագիր, նրա նպատակը ոչ թե ռուսաստանյան քաղաքական համակարգը փոխելն է, այլ իր շահերի համաձայն ուղղորդելը»,-կարծիք է հայտնում քաղաքագետը:

«Աջակցել բազմակարծությանը, ռուսների ազատ ընտրությանը, եւ ոչ թե մի առաջնորդին փոխարինել մյուսով. սա է երկրում իրական ժողովրդավարության ճանապարհը: Ռուսաստանն ունի քաղաքական փոփոխությունների 3 տարբերակ. վատ (ինչ-որ մեկը Պուտինի շրջապատից, ով կշարունակի նրա ռազմավարությունն ու քաղաքականությունը), շատ վատ (Ուկրաինայի արեւելքում պատերազմի արդյունքում Պուտինի վարչակազմի կողմից ստեղծված ծայրահեղ ազգայնամոլական հայացքներով ինչ-որ մեկը) եւ ողջամիտ (ինչ-որ մեկը փողոցային ընդդիմությունից, ով կողմ է Արեւմուտքի հետ հարաբերությունների կարգավորմանը): Որպեսզի աջակցություն ցուցաբերի ճիշտ տարբերակին, Արեւմուտքը պետք է աջակցի ճիշտ մարդկանց»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Le Temps

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝