Թրամփի ելույթը եւ նյարդայնացած, տարակուսած հարավկորեացիներն ու ճապոնացիները

la-1498860295-tqjnsggqj6-snap-image

«ՄԱԿ-ի ամբիոնից նախագահ Թրամփի հերթական հարձակումը Հյուսիսային Կորեայի վրա, թվում է, ահաբեկել է Ասիայում ամերիկացիների հավատարիմ դաշնակիցներին»,- The Washington Post-ում գրում են Աննա Ֆայֆիլդը եւ Սայմոն Դենյերը:

«ՄԱԿ-ում իր ելույթով Թրամփը սպառնաց ոչ միայն միջոցներ ձեռնարկել Կիմ Չեն Ինի վարչակազմի դեմ, այլեւ հիմնովին ոչնչացնել 25 մլն բնակչություն ունեցող երկիրը: Թրամփը Կիմին արհամարհանքով կոչեց «մարդ-հրթիռ» եւ հայտարարեց, որ եթե անհրաժեշտ լինի պաշտպանել իր դաշնակիցներին, ԱՄՆ-ն հիմնովին կոչնչացնի Հյուսիսային Կորեան»:

«Այդ դաշնակիցները՝ Ճապոնիան եւ Հարավային Կորեան, ոչինչ չեն ասել իրենց հարեւանությամբ Թրամփի կողմից պատերազմ վարելու վտանգի մասին, իսկ Չինաստանը եւ Ռուսաստանը նախազգուշացրել են, որ Թրամփը ռիսկի է դիմում թեժացնել իրավիճակը»,-նշում են լրագրողները:

«Հատկապես հատկանշական է Ճապոնիայի վարչապետ Աբեի լռությունը, քանի որ նախկինում Աբեն պատրաստակամորեն համաձայնվում էր Թրամփի արտահայտած յուրաքանչյուր մտքի հետ, որը վերաբերում էր Հյուսիսային Կորեայի վրա  ազդեցություն գործելուն: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը նույնպես ձգտում էր ցուցադրել իր միասնականությունն ԱՄՆ-ի նախագահի հետ: Այժմ Մունի մամուլի քարտուղարը բացահայտորեն զերծ մնաց Թրամփի «հիմնովին ոչնչացնելու» արտահայտությանն արձագանքելուց: Նա նշել է, որ խոսքը Հյուսիսային Կորեայի խնդրով անհապաղ զբաղվելու անհրաժեշտության մասին էր, եւ ավելացրել է, որ Սեուլի տեսանկյունից, Թրամփը դեռեւս հավատարիմ է խաղաղ կարգավորման գործընթացին»:

«Լուրջ մտահոգություններ կան. արդյո՞ք Թրամփի վարչակազմը լրջորեն է մտածում այդ մասին: Նա այդ երկրներին կներքաշի՞ պատերազմի մեջ, ինչից նրանք խուսափել են 1953թ.-ից սկսած: Զանգվածային ուժերի կիրառումը Հարավային Կորեայում հսկայական ավերածությունների պատճառ կդառնա, Ճապոնիան եւս կտուժի: Իսկ ի՞նչ են մտածում Չինաստանում»:

«Չինաստանը չի ցանկանում պատերազմ կամ քաոս տեսնել Հյուսիսային Կորեայում: Եթե ԱՄՆ-ը ռազմական ուժ կիրառի, Չինաստանը ստիպված կլինի արձագանքել, քանի որ դա տեղի կունենա անմիջականորեն իր դռների առջեւ»,-կարծիք է հայտնել Շանհայի համալսարանի փորձագետ Ցույ Չժիինը:

«Իսկ ռուսաստանցի քաղաքական գործիչները հայտարարել են, որ Թրամփի խոսքերն արտացոլում են նրա անփորձությունը, ինչը վտանգավոր է նաեւ ԱՄՆ-ի դաշնակիցների համար»:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝