Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

59735b77fc7e936a158b4567

«Ռուսաստանը եւ Չինաստանը սկսել են համատեղ զորավարժությունները Խաղաղ օվկիանոսի հյուսիսում՝ ի ցույց դնելով խոստումնալից ռազմական համագործակցությունը եւ թույլ տալով Մոսկվային ցուցադրել իր ռազմական հզորությունը: Միեւնույն ժամանակ, համաշխարհային առաջնորդները հավաքվում են ՄԱԿ-ում»,-գրում է Թոմաս Գրոուվը The Wall Street Journal հանդեսում:

«Չինական եւ ռուսաստանյան ուժերը 8 օրվա ընթացքում կանցկացնեն ցամաքային եւ ծովային զորավարժություններ»,-հայտնել են Չինաստանի պաշտպանության նախարարությունից:

«Նրանք փաստացի դաշինք են ստեղծում՝ ցուցադրելով, թե ինչպես կարող են փոխգործակցել երկու բանակները»,-նշել է ռազմական փորձագետ Վասիլի Կաշինը:

«Միեւնույն ժամանակ, Ռուսաստանն արդեն ավարտում է սառը պատերազմից հետո ամենախոշոր զորավարժությունները՝ «Արեւմուտք-2017»-ը: Պուտինը ցուցադրաբար չմեկնեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացմանը, եւ մնաց երկրում, որպեսզի հետեւի զորավարժությունների ընթացքին»,-կարծիք է հայտնում հոդվածագիրը:

«Ռուսաստանը փորձում է ցույց տալ Եվրոպային եւ ԱՄՆ-ին, որ պատրաստ է լայնամասշտաբ պատերազմի, եւ մենք բոլորս աշխարհաքաղաքականության վերաբերյալ բանակցությունները պետք է վարենք Ռուսաստանի թելադրած պայմաններով»,-նշում է բելառուս փորձագետ Արսենի Սիվիցկին:

«Թեեւ Չինաստանի հետ համատեղ զորավարժությունները ցույց են տալիս Մոսկվայի համագործակցության եզրերն իր հզոր հարեւանի հետ, այնուամենայնիվ, Ռուսաստանը եւ Չինաստանը շատ հարցերում մրցակիցներ են»:

«Երկու երկրների մերձեցման հարցում մեծ դեր խաղաց լարվածությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում, նաեւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության աճը»:

«Խաղաղ օվկիանոսում անցկացվող զորավարժությունները սեփական սահմաններից հեռու ռազմական գործողություններ իրականացնելու մեծ փորձ կլինեն Չինաստանի հզորացող էքսպեդիցիոն զորքերի համար: Վերջին տարիներին շատ արագ ընդլայնվել է սուզանավերի չինական նավատորմը, որը պարեկություն է իրականացնում ավելի հեռավոր ջրային տարածքներում՝ այդ թվում Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսներում, սակայն չինական նավատորմը մարտական գործողությունների փորձ չունի»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝