Գերմանական բիզնեսը եւ ԱՄՆ-ի հակառուսաստանյան պատժամիջոցները

im578x383-nord-striam_finobzor

«Գերմանական բիզնեսի ներկայացուցիչները, համաձայն հետազոտության, մտավախություն ունեն լուրջ վնասներ կրել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների պատճառով»,- գրում է գերմանական Sueddeutsche Zeitung թերթը:

«Այսպես, ռուս-գերմանական արտաքին առեւտրային պալատի հարցումները ցույց են տվել, որ գերմանական ընկերությունների կեսից ավելին համոզված են, որ իրենց վրա ուղղակի կամ անուղակի կերպով կազդեն ԱՄՆ-ի պատժամիջոցները»:

«Նոր պատժամիջոցները դամոկլյան սրի նման կախվել են գերմանական ընկերությունների վրա»,- նշել է պալատի նախագահ Մաթիաս Շեպը: «Նրա խոսքերով, ընկերությունները նոր պատժամիջոցները որակում են որպես առավել վտանգավոր, քան նախկինները, որոնք կիրառվել են 2014թ.-ին ուկրաինական հակամարտության պատճառով: Արտաքին առեւտրային պալատը դիմել է Գերմանիայի կառավարությանը եւ Եվրախորհրդարանին գործողությունների դիմելու պահանջով»:

«Ամերիկյան Կոնգրեսի կողմից հուլիսին ընդունված պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի, ինչպես ասվում է հոդվածում, դարձել են ամենակոշտը վերջին տարիների ընթացքում: Պատժամիջոցներն ուղղված են ՌԴ տնտեսության կարեւորագույն ոլորտներին, նախեւառաջ, էներգետիկ ոլորտին: Առաջին հերթին դրանք հարվածում են «Հյուսիսային հոսք-2» գազամուղին, որը Ռուսաստանից հասնում է Գերմանիա Բալթիկ ծովով»:

«Միացյալ Նահանգների հասցեին հնչեցին մեղադրանքներ, որ նրանք ցանկանում են եվրոպացիներին պարտադրել գնել բացառապես իրենց  հեղուկ գազը»: «Ես չեմ կարող ազատվել այն տպավորությունից, որ ինչ-որ մեկը ցանկանում է թաղել «Հյուսիսային հոսք-2»-ն իր ստեղծման փուլում»,- նշել է ավստրիական OMV էներգետիկ ընկերության ղեկավար Ռայներ Զեելեն:

«Գերմանական ընկերությունների անունից, որոնք աշխատում են Ռուսաստանում, մենք դիմում ենք Գերմանիայի կառավարությանը եւ Եվրահանձնաժողովին ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու պահանջով»,- ասել է Զեելեն: Նրա կարծիքով, Գերմանիան եւ ԵՄ-ն պարտավոր են պաշտպանել եվրոպական ընկերություններին եւ այնպես անել, որ պատժամիջոցները նրանց չվնասեն»:

«Հիմա ժամանակն է խոսել պատժամիջոցների աստիճանաբար վերացման մասին: Դրանից մենք միայն կօգտվենք»,- ասել է OMV-ի գլխավոր տնօրենը:

Աղբյուր՝ Sueddeutsche Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝