Ռուսաստան-Թուրքիա. միասին ընդդեմ ՆԱՏՕ-ի

234609876

«Մոսկվան եւ Անկարան հայտնել են այն մասին, որ Թուրքիան գնելու է ռուսաստանյան С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր»,- Frankfurter Allgemeine-ում գրում են թղթակիցներ Միխայել Մարտենսը եւ Ֆրիդրիխ Շմիդտը: «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական կողմն արդեն կատարել է առաջին վճարումը, իսկ մնացած մասի համար Ռուսաստանը Թուրքիային վարկ կտրամադրի: Ավելի ուշ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինն ասել է, որ պայմանագիրն իրականացման փուլում է»:

«Հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու գործարքը երկար նախապատմություն ունի. դեռեւս 2013թ.-ի սեպտեմբերին թուրքական կառավարությունը հայտնել էր Չինաստանից զենիթային համալիրներ ձեռք բերելու մտադրության մասին: Սակայն չինական Precision Machinery Import-Export Corporation ընկերության հետ բանակցություններն Արեւմուտքի կողմից որպես սադրանք ընդունվեցին, ոմանք դրանք համարեցին ՆԱՏՕ-ից դուրս գալու եւ Ռուսաստանի ու Չինաստանի հետ միություն կազմելու Էրդողանի ծրագրի նախաբան»:

«Անկարայում այդ քայլերն այլ կերպ բացատրեցին. «Առաջին հերթին, չինական համակարգերն էժան են, երկրորդը՝ Չինաստանը պատրաստ էր զենքի բաղադրիչների մի մասն արտադրել Թուրքիայի տարածքում»: Դա ամբողջովին համապատասխանում էր Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ Թուրքիան աշխարհում զենքի խոշորագույն արտադրողներից մեկը դարձնելու հայեցակարգին: «Եթե մենք չենք կարող ՆԱՏՕ-ից ստանալ այն, ինչ մեզ անհրաժեշտ է, մենք ստիպված դա այլ տեղերում ենք փնտրում»,- ասել է Էրդողանը: Սակայն Չինաստանի հետ գործարքը տեղի չունեցավ. Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառվեցին Իրանի, Սիրիայի եւ Չինաստանի հետ համագործակցելու համար»:

«Դրանից հետո Թուրքիան բանակցություններ սկսեց Ռուսաստանի հետ, ինչն ամերիկյան տեսանկյունից ավելի վտանգավոր է թվում: Սակայն մարտին Պուտինի հետ բանակցություններից հետո թուրք առաջնորդն ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ, օրինակ Հունաստանն, օգտագործում են ռուսաստանյան զինտեխնիկա: Հունաստանը դեռեւս 1990-ական թվականներից իր զինանոցում ունի С-300 հակաօդային պաշտպանության համալիրներ: Թուրքիայի համար գործարքն ավելի հետաքրքիր դարձավ, երբ Ռուսաստանը թույլատրեց համալիրների մասնակի արտադրություն իրականացնել Թուրքիայում»:

«Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը ենթադրում է, որ Թուրքիան կստանա «Տրիումֆ»-ի արտահանվող տարբերակը, որը զիջում է С-400-ի առավել արդյունավետ մոդելներին, որը նախատեսված է ներքին շուկայի համար: Նաեւ նա կասկածում է, որ Ռուսաստանը կհամաձայնի С-400-ի կարեւոր բաղադրիչները Թուրքիայում արտադրելուն, նույնիսկ եթե դա տեղի ունենա, դա «խորհրդանշական քայլ կլինի», ասել է նա, չէ որ, ի վերջո, Թուրքիան համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, որը 2015թ.-ի նոյեմբերին խոցել է ռուսաստանյան ռազմական ինքնաթիռը Սիրիայի սահմանին: Պատահարը հանգեցրեց մի քանի ամսվա լարվածության, որի արդյունքում Ռուսաստանը Սիրիայի հյուսիսում գտնվող իր ռազմաբազայում տեղակայեց С-400 համալիրներ՝ Թուրքիային վախեցնելու համար»,-ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ Frankfurter Allgemeine

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

Դիտվել է՝