Շվեդիան նախապատրաստվում է պատերազմի

gotland26

«Այն դեպքում, երբ Մոսկվան միայն պատրաստվում է անցկացնել «Արեւմուտք-2017» լայնամասշտաբ զորավարժությունները, Շվեդիան արդեն սկսել է «Ավրորա-17» զորավարժությունները՝ ամենախոշորը վերջին 23 տարիների ընթացքում: Ռուսաստանը պաշտպանվում է Արեւմուտքի սպառնալիքից, իսկ շվեդները, ովքեր պահպանում են չեզոքություն եւ չեն մտնում որեւէ դաշինքի մեջ, «մարզվում են» Ռուսաստանի կողմից հանկարծակի ռազմական միջամտությանը դիմակայելու համար: Ինչու՞ է Շվեդիան նման լայնածավալ զորավարժություններ անցկացնում. չէ՞ որ դեռեւս մի քանի տարի առաջ երկիրը նախապատրաստվում էր բացառապես ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին, այլ ոչ թե պատերազմի»,- գրում է շվեյցարական Tagesanzeiger թերթի քաղաքական մեկնաբան Ցիտա Աֆենտրանգերը:

«Ռուսաստանը հենց այդ մեծ վտանգն է: Ռուսաստանը մարտահրավեր է նետել եվրոպական անվտանգության համակարգին, իսկ դա ապակայունացնում է, այդ թվում նաեւ Հյուսիսային Եվրոպան»,- ասել է Շվեդիայի պաշտպանության նախարար Փիթեր Հուլտքվիսթը:

«Վերջին տարիներին Շվեդիան էականորեն մեծացրել է իր զինանոցը: «Արեւմուտք-2013» զորավարժությունների նախօրեին տեղի ունեցած միջադեպի ժամանակ շվեդական ռադարը ֆիքսել էր երկու ռուսաստանյան ռմբակոծիչ եւ չորս կործանիչ: Շվեդական Գոթլանդ կղզուց ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա ինքնաթիռներն ուսումնական հարձակումներ են իրականացրել, որոնց թիրախները եղել են նաեւ Ստոկհոլմի մոտ գտնվող ռազմավարական օբյեկտները: Ավելի ուշ ՆԱՏՕ-ի զեկույցում նշվել է, որ «հարձակվողները Ստոկհոլմի ուղղությամբ ուսումնական միջուկային հարված են փորձարկել»:

«Սակայն գլխավոր թիրախը Գոթլանդ կղզին էր, որը գտնվում է Շվեդիայի եւ Մերձբալթյան երկրների միջեւ: ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ Բալթյան երկրների պատճառով հակամարտության դեպքում Գոթլանդին կտրվի գլխավոր դերերից մեկը: Հարձակման դեպքում Ռուսաստանը հեշտությամբ կկարողանա փակել այսպես կոչված Սուվալկյան միջանցքը, որը Լեհաստանը բաժանում է Բալթյան երկրներից»:

«Այդ պատճառով Գոթլանդն ունի որոշիչ նշանակություն այդ տարածաշրջանում օդային եւ ծովային վերահսկողության համար,- ասում է շվեդ ռազմական փորձագետ Յակոբ Վեսթբերգը:- Դա նշանակում է, որ Բալթյան երկրներում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հակամարտության դեպքում Շվեդիան չի կարողանա խուսափել մասնակցությունից»:

Աղբյուր՝ Tagesanzeiger

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝