Իտալիան վճարու՞մ է լիբիացի փոխադրողներին

28C723FB00000578-3085236-image-a-91_1431872603281

«Իտալիայում խոսակցություններ են շրջանառվում, որ իտալական իշխանությունը վճարում է Լիբիայի հանցավոր խմբերին այն բանի համար, որ նրանք փախստականներին հնարավորություն չտան մեկնել Եվրոպա՝ ուղարկելով նրանց ժամանակավոր բնակության համար նախատեսված սարսափելի կենտրոններ»,-գրում է Sueddeutsche Zeitung-ը՝ հղում անելով իտալական Corriere della Sera թերթին, որն իր թղթակցին գործուղել է լիբիական Սաբրատա քաղաք, որտեղ նա հանդիպել է տեղի քաղաքական գործիչների, ոստիկանների եւ քաղաքացիների հետ:

«Նախկինում Սաբրատան կարեւորագույն վայրերից էր, որտեղից նավերով Եվրոպա էին մեկնում փախստականները: Սակայն վերջին ամիսներին այդ երթուղին այլեւս չի գործում եւ հենց այդ նույն մարդիկ, ովքեր աշխատել են որպես փոխադրողներ, հիմա իրենց վրա են վերցրել ոստիկանական գործառույթները»:

«Այս ամենի հետեւում կանգնած է տեղի հանցախումբը, որը ղեկավարում է 27-ամյա լիբիացի Ահմադ Դաբաշին՝ Հորեղբայր մականունով: Ըստ խոսակցությունների, մականունը նա ձեռք է բերել դեռ այն ժամանակ, երբ ոչ մեկին հայտնի չի եղել եւ փողոցում անցորդներին դիմել է «հորեղբայր, ծխախոտ կունենա՞ք» հարցով»:

«Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի մահից հետո Դաբաշիի կլանը տարածաշրջանում դարձավ «տեղական իշխանության» նման մի բան: Նա վաճառում էր մաքսանենգ ճանապարհով ձեռք բերած նավթ, այնուհետ սկսեց զբաղվել միգրանտների տեղափոխմամբ: Կլանի ստորաբաժանումներից մեկը՝ «Բրիգադա-48»-ը նախկինում հիշատակվել է Իտալիայից ֆինանսական հոսքերի վերաբերյալ նյութերում: Ըստ Corriere della Sera-ի աղբյուրների, Հռոմը Դաբաշիին վճարել է 5-10 մլն եվրո, այդ պատճառով կլանը շրջվել է նրա կողմը»,- հայտնում է թղթակիցը:

«Միեւնույն ժամանակ գործարքի կազմակերպաման հարցում իբր թե օգնել է Լիբիայի վարչապետ Ֆաիզ Սարաջը: Սաբրատայի քաղաքապետը լրագրողին ասել է, որ ինքը չի կարող ոչ հաստատել, ոչ էլ բացառել, որ հանցախմբին գումար է վճարվել: Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ իտալացիները հասկացել են, որ Լիբիան այլեւս չի համարվում բնականոն գործող պետական հաստատություններ ունեցող երկիր, հետեւաբար անհրաժեշտ է օգտվել անսովոր, գործնական ուղիներից»:

Աղբյուր՝ Sueddeutsche Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝