ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դեմ է արտահայտվել պատժամիջոցների չեղարկման Գաբրիելի առաջարկությանը

7046969

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ենթադրում է, որ Ուկրաինայի արեւելքում հրադադարի ռեժիմի պահպանումը բավարար չէ հակառուսաստանյան պատժամիջոցների չեղարկման համար, հայտնում է գերմանական Der Spiegel թերթը: «Պատժամիջոցների չեղարկման նախապայման կարող է լինել միայն Մինսկյան համաձայնագրերի լիարժեք իրականացումը»,-ասել է Ստոլտենբերգը Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Տալինում:

Այսպիսով, Ստոլտենբերգը դեմ է արտահայտվել Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին, ով վերջերս խոսել էր պատժամիջոցների չեղարկման մասին հրադադարի ռեժիմի պահպանման դեպքում: Ինչպես նշել է Գաբրիելը, «Մինսկյան համաձայնագրի բոլոր պայմանների իրականացման համար բավականին երկար ժամանակ կպահանջվի»:

«Ուրեմն եկեք գոնե հասնենք հրադադարի պահպանմանը  եւ հեռացնենք ծանր զինտեխնիկան, այնուհետեւ որպես պարգեւ չեղարկենք պատժամիջոցները եւ աջակցենք Ուկրաինայի արեւելքի վերականգնմանը»,- ընդգծել է Գաբրիելը:

Վերջինս նման առաջարկություն արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Ուկրաինա ուղարկել միջազգային խաղաղապահների, ովքեր կտեղակայվեն շփման գծում:

Ուկրաինայում Պուտինի եւ Գերմանիայի ԱԳ նախարար Գաբրիելի առաջարկությունները լուրջ քննադատությունների պատճառ են դարձել: Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերը հայտարարել է. «Գաբրիելը խաթարում է եվրոպական միասնությունը պատժամիջոցների հարցում»: «Դա չի կարող չուրախացնել Պուտինին»,-ասել է քաղաքական գործիչը:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝