Մադրիդը փաստացի թալանում է Կատալոնիային

GettyImages-504152574-714x472

Հազարավոր կատալոնացիներ Բարսելոնում կայացած հանրահավաքի ժամանակ պահանջում են տարածաշրջանի անկախությունը, մի մասն էլ պնդում է, որ անհրաժեշտ է պահպանել Իսպանիայի հետ միասնությունը, հաղորդում է Deutsche Welle-ն: 

Իսպանիայի հյուսիս-արեւելյան տարածաշրջանում՝ 7,5 մլն բնակչությամբ, հոկտեմբերի 1-ին նախանշված է անցկացնել հանրաքվե, թեեւ գործընթացը չեղյալ է համարվել դատարանի կողմից այն հիմնավորմամբ, որ իսպանական սահմանադրությունը չի նախատեսում երկրի կազմից առանձին տարածաշրջանների դուրս գալը:

Դատական որոշմանն աջակցում են շատ այլ կատալոնացիներ, ովքեր չեն մասնակցել Իսպանիայի կազմից դուրս գալու կողմնակիցների հանրահավաքին: Երկու կողմերն էլ ունեն իրենց փաստարկները:

Instituto DYN կազմակերպության անցկացրած սոցհարցումների տվյալների համաձայն, Կատալոնիայի բնակչության 47%-ը կողմ է արտահայտվում Իսպանիայից առանձնանալուն, դեմ՝ 44,4%-ը: Հանրաքվեին, որը Մադրիդում համարում են անօրինական, պատրաստ է մասնակցել քվեարկողների ավելի քան 70%-ը, որից  65,4 %-ը անկախության կողմնակից է:

Իսպանիայի կազմում մնալու օգտին հիմնականում արտահայտվում են կրթություն ստացած մարդիկ՝ համալսարանական պրոֆեսորադասախոսական անձնակազմերը եւ մտավորականության ներկայացուցիչները: Անկախանալուն դեմ են արտահայտվում նաեւ խոշոր գործարարները:

«Կատալոնիայի ժողովուրդն ինքնուրույն պետք է որոշի իր ճակատագիրը»,-հայտարարել է Կատալոնիայի Ազգային հանրային ասամբլեայի անդամ Ժերար Ռիպոլը: «Դա վերաբերում է եւ մեր բյուջեին, եւ մշակույթին, եւ մեր արտաքին կապերին, ընդհանրապես, կյանքի բոլոր կողմերին»,-նշել է նա:

«Մենք չենք ուզում, որ մեզ հրահանգներ տան Մադրիդից՝ ինչպես ապրել եւ ինչ անել: Մենք ցանկանում ենք կատարելագործել մեր ժողովրդավարությունը, ցանկանում ենք ավելի շատ ազատություն եւ կառավարման հանրապետական մոդել իսպանական միապետության փոխարեն: Այդ ամենը հնարավոր է միայն անկախ, ինքնիշխան երկրում»,- կարծիք է հայտնել Ժերար Ռիպոլը: 

Անջատողականների հիմնական փաստարկը տնտեսական է: Նրանք համոզված են, որ ինքնիշխան Կատալոնիայում բնակչությունն ավելի բարեկեցիկ կյանքով կապրի: Ռիպոլի պնդմամբ՝ տարածաշրջանը միայն Իսպանիային վճարվող հարկերի տեսքով կորցնում է տարեկան 16 մլրդ եվրո: Ըստ նրա՝ Մադրիդը փաստացի թալանում է Կատալոնիային:

Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝