Հյուսիսային Կորեա եւ Իրան. 2018թ.-ը՝ միջուկային սպառնալիքի տարի

Ayatollah-ali-Khamenei-iran-kim-jong-un-north-korea-ap-640x480

«Այս տարի մենք տոնում ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրի 50-ամյակը: Այն ստորագրել են աշխարհի բոլոր երկիրները՝ բացառությամբ Հնդկաստանի, Պակիստանի եւ Իսրայելի»,- ֆրանսիական Le Figaro թերթում գրում է Ռենո Ժիրարը:

«2002թ.-ի հունվարին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան պատկանում է «չարիքի առանցքին»: Մոտ մեկ տարի անց Հյուսիսային Կորեան պաշտոնապես դուրս եկավ պայմանագրից: 2018թ.-ի ամանորյա շնորհավորանքի ժամանակ Կիմ Չեն Ինը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեան դարձել է միջուկային գերտերություն, որն ունի միջմայրցամաքային հրթիռներ, ինչպես ԱՄՆ-ը: Այնուհետ նա ձեռք մեկնեց Հարավային Կորեային՝ ցանկություն հայտնելով, որ հյուսիսկորեացի մարզիկները կարողանան մեկնել այնտեղ՝ 2018թ.-ի փետրվարին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Սեուլի իշխանությունն անմիջապես դրական արձագանքեց»:

«Հաշվի առնելով հարավկորեացի դաշնակցի տրամադրվածությունը, նկատելի չէ, որ ամերիկացի նախագահը Հյուսիսային Կորեայի դեմ ինչ-որ կանխարգելիչ պատերազմի հրահանգ է տվել, որպեսզի զրկի միջուկային գերտերության նոր կարգավիճակից: Այսպիսով, Վաշինգտոնի եւ Փխենյանի միջեւ պայքարում հաղթեց Փխենյանը: Դա վատ լուր է միջուկային զենքը չտարածելու տեսանկյունից»,-գրում է հոդվածագիրը:

«Իրաքի եւ Հյուսիսային Կորեայի հետ մեկտեղ «չարիքի առանցքում» նախագահ Բուշը ներառել էր նաեւ Իրանին: Այն դեպքում, երբ 2002թ.-ին նա գաղտնի վերսկսեց ռազմական միջուկային ծրագիրը, Իրանը պաշտոնապես հրաժարվեց դրանից 2015թ.-ի հուլիսի 14-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական ներկայացուցիչների եւ Գերմանիայի միջեւ կնքած համաձայնագրով: ՄԱԳԱՏԷ-ն պարբերաբար իր զեկույցներում նշում է, որ Իրանը պատշաճ կերպով հետեւում է իր պարտավորություններին: Չնայած դրան, Դոնալդ Թրամփն իշխանության գալու պահից սպառնում է չեղարկել այդ պայմանագիրը, որը, նրա կարծիքով, Ամերիկայի կողմից ստորագրած վատագույն համաձայնագիրն է ամբողջ պատմության ընթացքում»:   

«Իրանում քաղաքական զարգացման երկու հնարավոր սցենար կա: Խաղաղ կարգավորման դեպքում Իսլամական Հանրապետության իշխանությունը ուշադրություն կդարձնի ցուցարարների դժգոհությանը եւ կորոշի երկիրն ավելի լիբերալ ճանապարհով առաջնորդել: Այդ սցենարը ենթադրում է, որ իշխանությունը կսահմանափակի իր արտաքին արշավները, որպեսզի պետական գումարներն ուղղվեն իրանցիների կենսակերպը բարելավելուն: Եթե Իրանը հրաժարվի տարածաշրջանային գերիշխանության հավակնություններից, ատոմային համաձայնագրին անամպ ապագա է սպասվում»,- գրում է հեղինակը:

«Սակայն այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին 2018թ.-ի հունվարի 2-ին ցուցարարներին անվանեց «Սաուդյան Արաբիայի կողմից վարձված թշնամիներ», ցավոք, մռայլ սցենարն ավելի հավանական է դառնում,- ասվում է հոդվածում:- Այդ սցենարը ենթադրում  է ընդվզող շարժումների դաժան ճնշում «Պասդարանի» կողմից եւ շրջադարձ դեպի ավելի ավտորիտար ու կրոնական վարչակարգի: Երբ դա տեղի ունենա, Թրամփին այլեւս ոչինչ ետ չի պահի ատոմային համաձայնագիրը չեղարկելուց: Զգալով, որ Ամերիկան սպառնում է, մոլլաները կվերսկսեն հագեցած ուրանի արտադրությունը՝   Մերձավոր Արեւելքին կրկին ներքաշելով ատոմային սպառազինության վտանգավոր մրցավազքի մեջ»:

Աղբյուր՝ Le Figaro

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝