Որքա՞ն է 2018թ.-ին պատերազմի բռնկման հավանականությունը

58e460ecc361886c048b4568

«Գալիք տարում լարվածությունը երկու գոտիներում կարող է վերածվել պատերազմի»,- նախազգուշացնում է նախկին դեսպան եւ շվեյցարական Le Temps-ի թղթակից Ֆրանսուա Նորդմանը:

«Աշխարհաքաղաքական իրավիճակը չի դադարում վատթարանալ, թեեւ բնակչությունը դա լիովին չի ընկալում: Հատկապես անհանգստություն են առաջացնում լարվածության երկու օջախները՝ Կորեական թերակղզին եւ Մերձավոր Արեւելքը»,- ասվում է հոդվածում:

«Ըստ Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի զինաթափման եւ միջուկային զենքի չտարածման ծրագրի ղեկավար Մարկ Ֆիցպատրիկի՝ հավանականությունը, որ 2018թ.-ին Հյուսիսային Կորեայի մասնակցությամբ պատերազմ կսկսվի, կազմում է 50 տոկոս: Քիչ հավանական է, որ ամերիկյան եւ չինական ճնշմամբ Հյուսիսային Կորեան հրաժարվի իր միջուկային փորձարկումներից եւ բալիստիկ հրթիռները գործարկելու ծրագրերից»,-փոխանցում է թղթակիցը:

«Հնարավո՞ր է պատկերացնել, որ նման պայմաններում նախագահ Թրամփը կարձագանքի այնպես, ինչպես խոստացել էր՝ սպառնալով Փխենյանին «կրակով եւ զայրույթով»»:

Դիվանագետն ընդունում է, որ սպառնալիքների փոխանակությունը կարելի է դասել հոգեբանական պատերազմների շարքին: «Գարնանը հայտնի կդառնա՝ արդյոք Հյուսիսային Կորեան կհրաժարվի իր սադրանքներից: Եթե ոչ, ապա ինչպիսի՞ն է լինելու միջազգային հանրության համապատասխան արձագանքը նման գործողությունների դեպքում. ինչպե՞ս պատասխան տալ առանց Հյուսիսային Կորեայի հետ պատերազմ սկսելու ռիսկի»,- խորհում է հոդվածագիրը:

«Ասիայի մյուս ծայրում ռազմատենչ հռետորական էսկալացիայով են զբաղված Իրանը եւ Սաուդյան Արաբիան: Ի դեպ, նրանք հավասար պայմաններում չեն խաղում: Էր-Ռիադն անհանգստացած է ԻՊ-ի անկման հետեւանքով իրանական առաջընթացով: Իրանի ազդեցությունը տարածվում է իրաքյան Քուրդիստանի, սիրիական Քուրդիստանի եւ նույնիսկ Թուրքիայի վրա»,- նշում է Նորդմանը:

«Սաուդյան Արաբիայի վրա հրթիռների արձակումը, որը վերագրվում է Եմենում Իրանի դաշնակիցներին, թագաժառանգ Մուհամեդ Բեն Սալմանի մանեւրները՝ կապված գահին տիրելու պահանջների եւ թագավորությունն արդիականացնելու հետ, լարվածությունը Լիբանանի շուրջ, հիմք են ստեղծում երկրորդ ճակատի բացման համար: Սակայն Լիբանանում բնակչությունը թշնամաբար է վերաբերվում Սաուդյան Արաբիայի միջամտությանը եւ հավատարիմ է վարչապետին, իսկ Ֆրանսիայի եւ Չինաստանի դիվանագիտական միջնորդությունը կարողացավ հանգցնել այդ կրակը: Այնուամենայնիվ, մրցակցությունը Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ շարունակում է աճել»,- գրում է հոդվածի հեղինակը:

«Այսպիսով, 2018թ.-ին հանգիստ չի լինի, իսկ պատերազմի ռիսկը շարունակում է բարձր մնալ»,- եզրափակում է Նորդմանը:

Աղբյուր՝ Le Temps

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝