Պուտինը ստուգում է ընտրազանգվածի տրամադրությունները

1502172843

«Կիրակի օրը ռուսաստանյան գրեթե 30 շրջաններում ընտրություն է տեղի ունեցել: 16 շրջաններում ընտրել են նահանգապետ: Կրեմլի թեկնածուները լուրջ մրցակիցներ չեն ունեցել, սակայն վիճակն այլ էր Մոսկվայում»,- գերմանական Handelsblatt թերթում գրում է Անդրե Բալենը:

«Մոսկվայում «Միասնական Ռուսաստան»-ի համար ավելի դժվար է եղել, քան որեւէ այլ վայրում. մայրաքաղաքի բնակչությունն ավելի լիբերալ է, քան ամբողջ երկրում: Օրինակի համար, 2013թ.-ին ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին անսպասելիորեն քաղաքապետի ընտրություններին հավաքել էր ձայների 27 տոկոսը: Երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, որոնք նախկինում քաղաքական առումով աննշան իրադարձություն էին, ընդդիմությունը որոշել էր խտացնել համախոհների շարքերը: Արդյունքում առաջադրվեցին ավելի քան 8 հազար թեկնածուներ, ի դեպ, նրանց մեկ երրորդ մասը երիտասարդներ են»,- ասվում է հոդվածում:

«Իշխանությունը նույնպես պայքար է տանում,- շարունակում է հեղինակը: -Տեղական ընտրությունները տրամադրությունների ստուգում է սպասվող նախագահական ընտրություններից առաջ: Ղրիմի միացումից հետո նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը ռեկորդային ցուցանիշների է հասել: Պուտինի վարկանիշը մինչեւ հիմա տպավորիչ է, սակայն երեք տարվա տնտեսական ճգնաժամից եւ իրական եկամուտների կրճատումից հետո խանդավառությունը նվազում է»:

«Պուտինը դեռ պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածության մասին, սակայն կուլիսների հետեւում իշխանությունն արդեն աշխատում է նոր ռեկորդային արդյունքների վրա, ինչի համար անրաժեշտ է պահպանել քաղաքական տրամադրությունների որոշակի աստիճան: Իշխանությունը գործի է դնում վաղուց հայտնի միջոցներ. տեղի է ունենում անկախ թեկնածուների քարոզչական նյութերի առգրավում, իսկ տպարանները հրաժարվում են տպել պաստառներ: Ավելին, համատիրությունների նախագահներին  ստիպում են պատռել անցանկալի թեկնածուների պաստառները»,- գրում է լրագրողը:

«Բացի այդ, մոսկովյան Նովո-Պերեդելկինո էլիտար թաղամասում քվեարկությունից մեկ օր առաջ իսկական սկանդալ տեղի ունեցավ. համացանցում հայտնվեց երեք տեսագրություն, որտեղ շրջանային ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Սվետլանա Անտոնովան հրահանգներ էր տալիս ընտրական հանձնաժողովի աշխատակիցներին, թե ինչպես մանիպուլյացիաներ անել: Հրապարակումից անմիջապես հետո Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն Անտոնովային հեռացնում է պաշտոնից եւ խոստանում, որ ընտրություններն արդար կլինեն»:

«Ընդդիմությունը չի հավատում դրան, նշում է Բալենը. Նավալնիի խոսքերով՝ ընտրակեղծարարությունն ամենուր է տեղի ունենում: Տարբերությունը միայն նրանում է, որ Նովո-Պերեդելկինոյի «հիմարները» հայտնվել են տեսախցիկի առջեւ»:

Աղբյուր՝ Handelsblatt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝